Հասարակական

Վայելեք անուշահամ մրգերը, հայկական գինին. ՀՀ վարչապետի խորհուրդը WCIT-ի հյուրերին

2 րոպեի ընթերցում

 Վայելեք անուշահամ մրգերը, հայկական գինին. ՀՀ վարչապետի խորհուրդը WCIT-ի հյուրերին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) հյուրերին խորհուրդ տվեց անպայման վայելել հայկական գինին, կոնյակը, բերքն ու բարիքը:

«Հարգելի հյուրեր, տեխնոլոգիան տեխնոլոգիա, բայց խնդրում եմ բաց չթողնեք հայկական արևահամ մրգերը, անմոռանալի խորտիկները, դրախտային գինիներն ու կոնյակը վայելելու բացառիկ հնարավորությունը: Եվ, իհարկե, վայելել հայկական աշունը, որը տաք ու հյուրընկալ է, ինչպես միշտ: Հույս ունեմ, որ ԱՏՁՄ-ն Հայաստանը վայելելու ժամանակ է թողել մեր բոլոր հյուրերի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՄՁ)։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում