Հասարակական

Պաշտպանը ներկայացրեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն

3 րոպեի ընթերցում

 Պաշտպանը ներկայացրեց Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հովհաննես Խուդոյանը դատարանից խնդրեց, որ գրավի չափը գնահատելու դեպքում նկատի ունենա, որ Քոչարյանի գույքը գտնվում է կալանքի տակ:

«Որևէ փաստ, որը կարող էր գոնե կասկած առաջացնել Քոչարյանի կողմից քննությունից թաքնվելու, քննությանը խոչընդոտելու և որևէ այլ արարք կատարելու վերաբերյալ առ այսօր ներկայացված չի և չի կարող ներկայացվել»,- ասաց Խուդոյանը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբխափանման միջոց կալանքը վերացնելու ևքրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք:

Գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվում են նաև 2008 թվականին ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը: Բացի այդ, Արմեն Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում