Հրազդան գետի վրա 252 մետրանոց կամուրջ կկառուցվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում տրվել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի կառուցման մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2.7 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցումն ազդարարող երկկողմ հուշագիրը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին: Փաստաթղթի մեկ օրինակը տեղադրվել է կառուցվելիք ավտոճանապարհի հիմքում:

Տեղում՝ մանրակերտի վրա, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացվել են ծրագրի մանրամասները: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ մետաղական կամրջի կառուցում, ինչպես նաև մեկ ուղեանցի կառուցում՝ Իսակով – Բաբաջանյան փողոցների հատման վայրում առկա ճանապարհային հանգույցում:

«Նոր ճանապարհահատվածը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի և ընդհանրապես Հայաստանի համար: Այսօր մայրաքաղաքում ունենք չորս կամուրջ, և ծրագրի շրջանակում Հրազդան գետի վրա կառուցվողը կլինի թվով հինգերորդը: Այս ճանապարհահատվածը զգալիորեն կթեթևացնի Երևանում երթևեկությունը»,- նշել է քաղաքապետը:

Շինարարական աշխատանքներն իրականացնող Լևանտինա Ինխենեյրիա Կոստրուցիոն (Իսպանիա) ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին իր հերթին նշել է, որ նման նախագծերի կյանքի կոչման հարցում ընկերությունն ունի երկարամյա փորձ, և վստահեցրել է, որ աշխատանքները կիրականացվեն նախատեսված ժամկետում:

Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվելու են բոլոր անհրաժեշտ հաղորդուղիների տեղափոխումները, իսկ լուսավորության համակարգում տեղադրվելու են LED էներգախնայող լուսատուներ:

Արգավանդ-Շիրակ ճանապարհը Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է, որը նաև կապում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Պայմանագրի արժեքն է 26.003.196.22 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Շինարարությունը կտևի 21 ամիս:

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը