Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Բելառուսի էկոնոմիկայի նախարարի հետ
2 րոպեի ընթերցում
![Դեսպան Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Բելառուսի էկոնոմիկայի նախարարի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/08/985750.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի (Дмитрий Крутой) հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցությանն առչվող արդի հարցերին ու հեռանկարներին։
Երկկողմ ապրանքաշրջանառության գրանցվող աճի համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացմանը, ինչպես նաև գործընկերության ներուժի բացահայտմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում սահմանված գործիքակազմի առավել արդյունավետ կիրառմամբ։ Դեսպան Ղևոնդյանն ու Դմիտրի Կրուտոյը քննարկել են նաև ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության առավելությունները։
Երկու պետությունների պետական կառույցների և գործարար համայնքների մակարդակով երկխոսության աշխուժացման, ինչպես նաև փոխշահավետ առևտրատնտեսական նախագծերի առաջմղման հեռանկարային եղանակների հստակեցման համատեքստում ընդգծվել է դեսպանության-նախարարության ձևաչափում պարբերական հանդիպումների կարևորությունը։