Հասարակական

Գյումրիում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաժողով, կրթական և փոխանակման ծրագրերի ներկայացում, բացօթյա համերգ՝ այս ամենն այսօր Գյումրիում կազմակերպվել է երիտասարդների համար: Արդեն 5-րդ տարին անընդմեջ Երիտասարդների միջազգային օրը քաղաքի երիտասարդներին տոն է պարգևում Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Փոխակերպվող կրթություն» խորագրով համաժողովը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ազդարարեց միջոցառման մեկնարկը, որին հաջորդեց 5 աշխատարան՝ «Ինքնաճանաչում, ինքնակրթություն», «Թվային հետք», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով», «Տեխնոլոգիաները որպես ապագայի կրթության ուղենիշ», «Կամավորությունը որպես ուսուցում» թեմաներով:

«Մենք պետք է կարողանանք հաշվի նստել երիտասարդների հետ՝ հաճախ ստացվում է, որ միջոցառումներ են նախատեսվում, սակայն երիտասարդը ոչ մի մասնակցություն չի ունենում դրան: Մեր նպատակը, հերթական անգամ օգտագործելով այս կարևոր օրը, երիտասարդներին մասնակից դարձնել իրենց հետ կապ ունեցող որոշումների կայացման գործընթացում, խոսել երիտասարդների կարևոր դերակատարման մասին և որոշում կայացնողների հետ նրանց մեկ հարթակում բերել»,- նշեց «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի նախագահ Արթուր Նաջարյանը:

Գյումրեցի երիտասարդներն այսօր շատ խնդիրներ ու հոգսեր ունեն, իսկ նմանատիպ միջոցառումները նպաստում են, որ ավելի նպատակասլաց ու նախաձեռնող լինեն: «Գյումրեցի երիտասարդների համար գերխնդիրը զբաղվածությունն է՝ ինչպես դասերից հետո ազատ ժամանակ, այնպես էլ ժամանակի ճիշտ կառավարման, բայց նաև շատ կարևոր է տեղեկատվություն հայթայթման ու նախաձեռնողականության խնդիրը: Հաճախ կա հնարավորություն, բայց երիտասարդները նախաձեռնող չեն, կամ էլ չգիտեն բազում հնարավորությունների մասին: Գյումրիում էլ կան շատ ծրագրեր, որոնք աջակցում են երիտասարդներին, պետք է միայն իրենց կողմից պատրաստակամություն, նախաձեռնողականություն ու կրեատիվ մոտեցում»,- նշեց երիտասարդական աշխատող Կարինե Հակոբյանը:

Գյումրիում միջոցառումներն իրականացվում են «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ՍԱԼՏՈ Արևելյան Եվրոպա և Կովկաս ռեսուրսային կենտրոնի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Գյումրու համայնքապետարանի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ: Միջոցառման շրջանակներում ազդարարվեց նաև «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրի պաշտոնական մեկնարկը Հայաստանում:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում