Տնտեսություն

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան ժողովին

ԵՐԵՎԱն, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Միջազգային հաշվարկների բանկի ընդհանուր տարեկան հերթական ժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ Չինաստանի Կենտրոնական բանկի նախագահ պարոն Յի Գանգի, Նիդեռլանդների Կենտրոնական բանկի նախագահ Կլաուս Կնոտի և Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ։

Հանդիպումների ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ։

Միջազգային հաշվարկների բանկի տարեկան ժողովին մասնակցել են ավելի քան 100 երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Միջազգային Հաշվարկների Բանկը հիմնադրվել է 1930 թ-ին, Բազելում` Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Ճապոնիայի, ԱՄՆ և Շվեյցարիայի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակում: Այն ամենահին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է: Բանկն աջակցում է դրամավարկային և ֆինանսական կայունության ապահովման գործում, նպաստում միջազգային դրամավարկային և ֆինանսական գործակցությանը և կենտրոնական բանկերի համար ծառայում որպես բանկ: Վերջինիս անդամակցում են 60 կենտրոնական / ազգային բանկեր: Իր առանցքային հանձնաժողովների միջոցով (Բանկային վերահսկողության բազելյան հանձնաժողով, Գլոբալ ֆինանսական համակարգի հանձնաժողով, Վճարային և շուկայական ենթակառուցվածքբների հանձնաժողով և այլն) բանկն անդամակցող կազմակերպություններին ապահովում է ֆինանսական կայունության ոլորտին վերաբերող վերլուծություններով և քաղաքականության իրականացման խորհրդատվությամբ, աջակցում բանկային վերահսկողության միասնական ստանդարտների մշակմանը և ներդրմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում