Տնտեսություն

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մարդկային ներուժի խթանումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է մարդկային ներուժի խթանումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում է կրթական ոլորտի զարգացումը և մարդկային ներուժի խթանումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դիլիջանում հայ-վրացական գործարար համաժողովի մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին տարիներին Հայաստանում աճի բարձր տեմպեր են գրանցվում հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանկային ոլորտներում, որոնք զարգանում են հենց մասնագիտական հիմքի վրա»,- ասաց Ավինյանը:

Նրա խոսքով՝ վերջին երկու օրերը նվիրված էին Հայաստանի և Վրաստանի համագործակցության համար նոր հորիզոնների բացահայտմանը: «Երեկ հաջողությամբ իր աշխատանքներն ավարտեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը, որի ընթացքում քննարկվեց մեր երկկողմ տնտեսական գրեթե ողջ օրակարգը ներառող հարցերի լայն շրջանակ, նախանշվեցին առաջիկա համագործակցության հիմնական ուղղություններն ու անելիքները: Չնայած որ համաժողովը ներառում էր զուտ առևտրատնտեսական օրակարգ՝ մենք անդրադարձ կատարեցինք կրթական, առողջապահական, հումանիտար այլ ծրագրերի և իրապես օրակարգը լեցուն էր և համապարփակ: Այսօր էլ իր աշխատանքներն է սկսում հայ-վրացական գործարար համաժողովը, որը պետք է բացահայտի երկկողմ տնտեսական համագործակցության նոր հնարավորություններն ու ուղղությունները»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Ավարտելով ելույթը՝ ՀՀ փոխվարչապետը հաջողություն և արդյունավետ քննարկումներ մաղթեց գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում