Գործընկերների լուրեր

«Սովորող ուսուցիչ» առցանց վերապատրաստման հարթակի մանկավարժները կարևորում են առաջնորդ-ուսուցիչ լինելու անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

«Սովորող ուսուցիչ» առցանց վերապատրաստման հարթակի մանկավարժները կարևորում են առաջնորդ-ուսուցիչ լինելու անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդի կրթական ծրագրերի ու դասագրքերի առնչությամբ մտահոգությունը մեկտեղել էր «Սովորող ուսուցիչ» առցանց վերապատրաստման հարթակի մանկավարժներին:

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում նրանք քննարկում էին վերապատրաստման այլընտրանքային ուղիներ, որոնք կարող են զարգացնել դասավանդող ուսուցիչներին ու փոխել նրանց մոտեցումը դասապրոցեսի նկատմամբ:

Ստեղծված առցանց հարթակում տեղադրվում են հետաքրքրաշարժ և զարգացնող նյութեր: «Վերապատրաստումներին և քննարկումներին կարող է մասնակցել յուրաքանչյուր ցանկացող` անկախ մասնագիտությունից: Չէ որ վերապատրաստում նշանակում է ոչ միայն առարկայական գիտելիքների հարստացում, այլ աշխարհայացքի ընդլայնում, նոր հայացք աշխարհին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Գաբրիելյանը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում «Սովորող ուսուցիչ» ֆեյսբուքյան խմբի հանդիպում-կոնֆերանսի ժամանակ:

Խմբի ղեկավարն է ֆիզիկոս Մերուժան Հարությունյանը: Նա հավատացած է՝ ցանկացած ուսուցիչ պետք է կարողանա գրավել աշակերտին՝ հումորով, իմաստությամբ, հետաքրքիր թեմատիկ պատմություններով, պատմելու և երբեմն էլ դերասանական հմտություններով. «Ուսուցիչը պիտի լինի առաջնորդ, դերասան, նրա պատմած դասը այնքան հետաքրքրի աշակերտին, որ նա հաջորդ օրը դասարան չմտնի այդ դասը մոռացած»:

Գիտելիքը ուժ է: Պետք է սովորել ամբողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև իմացած գիտելիքներով մարդ պետք է կարողանա նոր բան ստեղծել` օգտագործելով ունեցած ներուժը: Նմանատիպ կոնֆերանսները շարունակական բնույթ են կրելու` նպատակ ունենալով երկրում փոփոխություններ մտցնել կրթական ոլորտում և լուծում տալ ծառացած մի շարք խնդիրներին:

Մելինե Մարության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում