Վրաստանում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. ՄԻՊ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կապի մեջ է Վրաստանի իր գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։

«Գործընկերոջիցս այսօր տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ քաղաքացի: Նա 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիտորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը։ Մեզ են փոխանցվել ձերբակալվածի ազգականի անհատական տվյալները, ում հետ մենք նույնպես կապի մեջ կլինենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Թաթոյանը։

Նա շնորհակալություն է հայտնել գործընկեոջը՝ Նինո Լոմջարիային համագործակցության ու արդյունավետ համատեղ աշխատանքի համար։ «Վրաստանի մեր բարեկամներին մաղթում եմ երկրում ստեղծված իրավիճակի արագ ու խաղաղ հանգուցալուծում»,- նշել է նա։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին»,- հայտնել էին դեսպանատնից:

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բախումների հետևանքով 200-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում, ոստիկաններ, լրագրողներ: Տուժածներից 102-ը մնում են բժշկական հաստատություններում: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ:

Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 20-ին խափանել են Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Ռուս պատգամավորների ներկայությունը միանշանակ չի ընդունվել Վրաստանի խորհրդարանականների կողմից, նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնել ռուս պատգամավորների մասնակցության առնչությամբ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվային է մեղադրել երկրի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Ռուսաստանի ԱԳ նախարարության անունից մեկնաբանություն է տարածել փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի նիստի անցկացումը Թբիլիսիում ծրագրված էր երկար ժամանակ առաջ, ընդդիմության ռադիկալ մասն օգտագործեց այն բանի համար, որպեսզի անկարգություններ առաջացնի փողոցում»,- հայտարարել է Կարասինը: Նրա խոսքով, սա ևս մեկ անգամ ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների ռադիկալ մասի էմոցիոնալ վերաբերմունքը, որը «ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորմանը»:

Հայերեն English Русский