Տնտեսություն

Տնտեսություն, ֆինանսներ, արհեստական բանականություն. հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը Դիլիջանում անցնում է հագեցած օրակարգով

4 րոպեի ընթերցում

Տնտեսություն, ֆինանսներ, արհեստական բանականություն. հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը Դիլիջանում անցնում է հագեցած օրակարգով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դիլիջան քաղաքում հանդիսավորությամբ բացված «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ Monthly Barometer ամսագրի հիմնադիր Թիերի Մալըրեն համոզված է, որ այն լավ հնարավորություն է նոր ծրագրերի ու նոր գաղափարների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Թիերի Մալըրեն նշեց, որ առաջին անգամ է գագաթնաժողովը Ֆրանսիայի Շամոնի քաղաքի սահմաններից դուրս գալիս։

«Իմ բարեկամները և ես շատ հպարտ ենք գագաթնաժողովը Դիլիջանում անցկացնելու համար։ Գագաթնաժողովը կբնութագրեի այսպես՝ սքանչելի մարդկանց բովանդակություն և հիանալի բնություն։ Մենք անդրադառնալու ենք ամենատարբեր հարցերի՝ տնտեսություն, ֆինանսներ, արհեստական բանականություն և այլն»,-ասաց նա։

Թիերի Մալըրեն նկատեց, որ այս գագաթնաժողովն անձնական կապերի զարգացման հնարավորություն է, մեկ տեղում հավաքվել է անհավանական մտավոր և սոցիալական կապիտալ, մարդիկ, որոնք ներկայացնում են 27 տարբեր երկրներ։

«Յուրաքանչյուրն առաջնորդ է իր ասպարեզում՝ բիզնեսի, ներդրումների, քաղաքականության հարցում։ Այստեղ երեք օր անցկացնելով՝ իմաստալից փոխներգործության, միմյանց լավ ճանաչելու առիթ է, կլինեն նաև ներդրումանպաստ առաջարկներ։ Մենք մի փոքր քար կավելացնենք երկրի զարգացման շենքին՝ նպաստելով հասարակության բարեկեցությանը» ֊ նշեց Թիերի Մալըրեն։ Նա ընդգծեց, որ գագաթնաժողովի մասնակիցներին միջոցառումը կտա նոր գաղափարներ, նոր բարեկամներ, նոր ծրագրեր։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը կարևորեց նման հեղինակավոր գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում՝ Կենտրոնական բանկի վերապատրաստման և հետազոտական կենտրոնում։ Նա նշեց, որ կենտրոնը հիմնվել է հինգ տարի առաջ։

«Բոլոր վերլուծությունները, որոնք սատարում են Հայաստանի դրամավարկային քաղաքականությանը, տոկոսադրույքների բոլոր քննարկումները տեղի են ունենում այս կառույցում։ Կենտրոնի նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ կկատարվեն բարձրորակ գիտահետազոտական աշխատանքներ։ Մենք տեսնում ենք այսքան գերազանց մասնագետներ տարբեր ոլորտներից, ինչը մեծ հաճույք է պատճառում »,-ասաց ԿԲ նախագահը։

Միջոցառման մասնակիցների շարքում են2005-2007թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում