Հասարակական

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել ՀԷՑ-ին

2 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ն տուգանել է «Գազպրոմ Արմենիա»-ին և նախազգուշացրել  ՀԷՑ-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում նոր միացման գործընթացի վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած տեղեկատվության հավաստիության ստուգման նպատակով ընկերությունում իրականացրել է մոնիթորինգ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, արդյունքում պարզվել է, որ որոշ դեպքերում չեն պահպանվել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների, ինչպես նաև ընկերության բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները՝ հանգեցնելով մի խումբ սպառողների իրավունքների խախտմանը և խոչընդոտելով հանձնաժողովի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը։

Ուստի, բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների և լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տուգանվեց` 10000000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվել է:

Համաձայն հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ սահմանված լրացուցիչ պահանջների կատարման մոնիթորինգի կարգի, հանձնաժողովը իրականացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի 1-ին եռամսյակում կայացած «Լոտ1- Տաշիր քաղաքի Երևանյան և հարակից փողոցների բաշխիչ ցանցերի վերակառուցում» գործարքի մոնիթորինգ:

Արդյունքում պարզվել է, որ մատակարարման պայմանագրով սահմանվել է գնման առարկայի դիմաց վճարումն իրականացնել վեց տարվա ընթացքում, այդ կերպ խախտելով հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 13-ի №391Ա որոշմամբ սահմանված հանրային կազմակերպությունների գնումների կարգերի նկատմամբ լրացուցիչ պահանջների 6-րդ կետը՝ սահմանելով վճարման երկար ժամկետ, դրանով իսկ սահմանափակելով մրցակցությունը:

Ուստի լրացուցիչ պահանջների 6-րդ կետի խախտման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախազգուշացվեց։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում