Հասարակական

ԱԺ-ն քննարկում է վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկում է վիճակախաղերի կազմակերպումը միայն Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում և Մեղրիում թույլատրելու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկում է վիճակախաղերի կազմակերպումը` բեթշոփերի գործունեությունը սահմանափակելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրանով նախատեսվում է բեթշոփերի գործունեությունը թույլատրել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակներ են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում սահմանափակել քաղաքացիների` վիճակախաղերով տարվելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է, որ անմիջականորեն խաղասրահի միջոցով կամ կատալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի և Մեղրիի վարչական սահմաններում : Ներկայում ինտերնետ տոտալիզատորի և ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղերի կազմակերպումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում, դրանց գերակշիռ մասը տեղակայված է բնակավայրերի մարդաշատ վայրերում, որը վիճակախաղերով հրապուրելու վտանգ է ստեղծում»,-ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ համայնքներն ընտրվել են զբոսաշրջության և հանգստի անցկացման ուղղվածություն ունենալու սկզբունքով, իսկ Մեղրիի դեպքում սահմանամերձ համայնք համարվելու չափորոշիչով:

Նախագծով նախատեսվում են նաև տարիքային սահմանափակումներ, ինչպես նաև կանխիկ գործարքի հնարավորություն գրեթե չի տրվում:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Կառավարության կողմից նախագիծը ստացել է դրական եզրակացություն և բյուջեի վնասն աննշան է լինելու: Հանձնաժողովի անդամների կողմից եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են։ Օրենքն ուժի մեջ է կմտնի 2020-ի նոյեմբերից: Բայց դա չի վերաբերվելու խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում