Հասարակական

ՔԿ-ն 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել 30-ամյա հղի կնոջ սպանության համար

2 րոպեի ընթերցում

ՔԿ-ն 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել 30-ամյա հղի կնոջ սպանության համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ 30-ամյա կնոջ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդին։

Ավելի վաղ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2019թ. մայիսի 8-ի երեկոյան Արմավիրի մարզի՝ 26-ամյա բնակիչն Այնթապ գյուղին հարակից դաշտամիջյան տարածքում ռետինե խողովակով, փայտյա մահակով և այլ առարկաներով ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջը: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ դիահերձման արդյունքներով պարզվել է, որ կինը հղի է եղել:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում