Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում կկառուցվի Կովկասում ամենացածր գնով ամենախոշոր արևային էլեկտրակայանը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կկառուցվի Կովկասում ամենացածր գնով ամենախոշոր արևային էլեկտրակայանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում 2019-2020թթ. կկառուցվի Կովկասում ամենացածր գնով ամենախոշոր արևային էլեկտրակայանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 11-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Հայաստանում արևային էներգետիկայի պոտենցիալը դեռևս մնում է լրիվ չօգտագործված։ Հայաստանը միջինից բարձր արևային պոտենցիալ ունեցող երկիր է, մոտ 1500-1800 ժամ արևային օրեր ենք մենք ունենում, և Գեղարքունիքի մարզը դրանցից ամենամեծ պոտենցիալ ունեցողն է, դրա մասին է վկայում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերջին զեկույցը, որի համաձայն 13 լիցենզավորված արևային կայաններից 8-ը Գեղարքունիքի մարզում են, 2-ն արդեն կառուցված են։ Դրա մասին է վկայում նաև առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցումը, որը տեղի է ունենալու Գեղարքունիքի մարզում։ Անցած տարի տեղի ունեցած մրցույթի արդյունքում կա արդեն հաղթող կազմակերպություն և կառավարության հետ կնքված կառավարության աջակցության ծրագիրը, որի համաձայն 2019-20թթ. ընթացքում կկառուցվի 55 մեգավատ հզորությամբ արևային կայան, որը կլինի տարածաշրջանում՝ Կովկասում ամենախոշոր արևային կայանն ամենացածր գնով։ Ամենացածր գինը ստացվել է ի շնորհիվ Գեղարքունիքի մարզի արևային մեծ պոտենցիալի, և այդ պոտենցիալը դեռևս սպառված չէ»,- ասաց Վարդանյանը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։

Միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պետական այրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում