Հասարակական

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում պատգամավորները իրականացնում են մաքրություն և ծառատունկ

2 րոպեի ընթերցում

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում պատգամավորները իրականացնում են մաքրություն և ծառատունկ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Վարդան Մամիկոնյանի հուշարձանից մինչև Լունապարկ ընկած տարածքում Ազգային ժողովի պատգամավորները և աշխատակիցները իրականցում են մաքրություն և ծառատունկ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշեց, որ նախատեսում են մոտ 50-60 ծառ տնկել:

«Քաղաքապետարանը տրամադրել է համապատասխան մեքենաներ և իրենց աշխատակիցները աղբը տանելու են աղբանոցներ»,- ասաց Գալստյանը:

Նա հայտնեց, որ 60 պատգամավոր ցանկություն է հայտնել միանալ շաբաթօրյակին:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ասաց, որ շաբաթօրյակին որոշել է միանալ իր կնոջ և երեխաների հետ:

«Նպատակն է մաքրենք հանրային տարածքները և ընդհանրապես լավ կլինի չկեղտոտենք, նաև հասկանանք, որ այս ամբողջը մեր ընդհանուր տարածքն է և պետք է խնամքով վերաբերվել: Պետք է անընդհատ կոչեր և որոշակի քարոզչական աշխատանքներ լինեն, ինչպես նաև տանը դաստիարակչական աշխատանքներ տարվեն»,- ասաց Միրզոյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ասաց, որ իրենց խմբակցությունը միշտ նման միջոցառումներին փորձում է ներգրավվել` հաշվի առնելով և գործընկերային հոգեբանությունը, և, ինչու չէ, նաև ներդրում ունենալու քաղաքի մաքրությանը:

«Սա ևս մեկ առիթ է ժողովրդի հետ շփվելու»,- ասաց Պետրոսյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը կարծում է, որ այս շաբաթօրյակին ինչքան շատ մարդ ներգրավվի, այդքան ավելի քիչ քաղաքացիները կաղտոտեն քաղաքը, ինչի արդյունքում կպահպանվի մաքրությունը: Ըստ Սարգսյանի` շաբաթօրյակ իրականացնելով մարդկանց հորդորում են, որ պետք է մաքուր պահել քաղաքը:

«Նոր մեքենայով գալիս էի և նկատեցի, որ բոլոր պուրակներում բազմաթիվ մարդիկ կան` դա շատ ոգևորող է: Կարծես հեղափոխության նման բան տեղի ունեցած լինի մարդկանց մտածելակերպում, որովհետև չեմ հիշում նման դեպք, երբ այսքան շատ մարդիկ ներգրավված լինեն մաքրման աշխատանքներին»,- ասաց Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում