ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի մասնակիցներից մեկը ներկայացել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Նա ներկայացվել է նախաքննությանը»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու:
Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից):
Armtimes.comկայքը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ոտքերով հարվածել ավտոբուսի դռներին, հայհոյանքներ հնչեցրել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել: