ՀՀ քննչական կոմիտեն առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ, ժամը 24:00-ի դրությամբ, ստացել է 51 հաղորդում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում, ժամը 24:00-ի դրությամբ, ստացվել է 51 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաղորդումներից 9-ն ստացվել է Երևանում, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: Եվս 2 նյութ, կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ, ստացվել է Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Առերևույթ ընտրախախտում պարունակող նյութերից 47-ը վերաբերում է կրկնակի քվեարկության փորձին, 3-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն:

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով 19/25 ընտրատեղամասում Կարմիր գյուղի բնակչուհին իր հարսի անձնագրի փոխարեն օպերատորին երկրորդ անգամ հանձնել է իր անձնագիրը, որի պատճառով սարքը տպագրել է կրկնակի քվեարկության փորձ:

Նույն վարչությունում ստացված մեկ այլ նյութով ևս արձանագրվել է կրկնակի քվեարկություն փորձ: Մասնավորապես ՝ թիվ 20/19 ընտրատեղամասում տեխնիկական սարքը սպասարկող օպերատորը Ծովագյուղ գյուղի 1940 թվականին ծնված բնակչի անձնագիրը մուտքագրելուց հետո սարքում թղթի բացակայության պատճառով կտրոններ չի տպել: Օպերատորն անձնագրային տվյալները մուտքագրել է երկրորդ անգամ, ինչի արդյունքում արձանագրվել է կրկնակի քվեարկության փորձ:

Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացված նյութերից մեկով՝ ևս արձանագրվել է կրկնաքվեարկության փորձ: 30/49 ընտրատեղամասում Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակչուհին իր անձնագիրը ներկայացնելու փոխարեն ներկայացրել է արդեն ընտրությանը մասնակցած մոր անձնագիրը, ինչի արդյունքում արձանագրվել է կրկնաքվեարկության փորձ:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժին է ստացվել www.1in.am լրատվական կայքում հրապարակված՝ «Անվերահսկելի իրավիճակ՝ Արարատի մարզի 13/5 ընտրական տեղամասում» վերտառությամբ հրապարակումը:

Հիշյալ հրապարակման ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի մարզի թիվ 13/5 ընտրական տեղամասում, ժամը 10.30-ի դրությամբ, հանձնաժողովի նախագահի և մյուս անդամների ներկայությամբ քաղաքացիները մտնում էին քվեախցիկ՝ քվեարկողին օգնելու համար:

«Մեր դիտարկմանը, որ օգնողները չեն գրանցվել, հանձնաժողովի նախագահն ասաց, որ գիտակցում է՝ դա օրենքի խախտում է, բայց, երբեմն, կարելի է խախտել օրենքը՝ ընտրատեղամասում առաջացած խառնաշփոթ վիճակը շտկելու համար: Մեր դիտարկմանը, որ խառնաշփոթն առաջացել է, քանի որ սահմանված 15 հոգուց ավելի մարդ կա տեղամասում, հանձնաժողովի նախագահը հերքեց: Ընտրողներից մեկը նույնիսկ բաց քվեարկություն իրականացրեց՝ տեսնելով, որ քվեախցիկները զբաղված են, պատուհանագոգին քվեարկեց և քվեաթերթիկը բոլորի ներկայությամբ դրեց ծրարում: Հանձնաժողովի նախագահը դա ևս նորմալ որակեց՝ համարելով, որ դա անհրաժեշտ է, որպեսզի տեղամասում կուտակումներ չառաջանան. «Ոչինչ, գիտեմ, որ օրենքը թույլ չի տալիս, բայց, երբեմն, կարելի է օրենքը խախտել, որպեսզի այս խառնաշփոթ իրավիճակը վերացնենք» - ասաց հանձնաժողովի նախագահը»,- նշված է հրապարակման մեջ:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժին ստացված նյութերից մեկով՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողը թիվ 34/14 ընտրատեղամասում տեղեկանալով, որ իր քվեարկության համարը թիվ 86-ն է՝ մոտեցել է մատնահետքի սարքի սպասարկման աշխատակցին, սակայն շփոթվելով 86 թվի փոխարեն նշել է 56, որի պատճառով մատնահետքի սարքը տպել է կրկնակի քվեարկության փորձ թերթիկը:

2018թ․ դեկտեմբերի 9-ին Սյունիքի մարզի դատախազությունից Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին է ստացվել 34/35 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ կատարելու վերաբերյալ նախապատրաստվող նյութերը։

Նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ 2018թ․ դեկտեմբերի 9-ին Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի բնակիչ, ծնված 1949թ., տան ճաշասենյակի սեղանից սխալմամբ վերցրել է քվեարկություն կատարած ամուսնու անձնագիրը և գնացել նույն բնակավայրում տեղակայված թիվ 34/35 ընտրատեղամաս։

Անձնագիրը տվել է այն ստուգող սարքի պատասխանատու անձին, ով առանց անձնագիրը ստուգելու, այն անցկացրել է սարքի միջով, որից անմիջապես հետո՝ ժամը 13։59-ին, սարքը արձանագրել է մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեն արդյունքների մասին կտեղեկացնի լրացուցիչ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը