Աղետից դեպի զարգացում. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 30 տարի

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 30 տարի առաջ տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:

Պատճառված վնասները

Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

Անօթեւան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20 հազարը, զոհերի թիվը կազմեց 25 հազար: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում՝մոտ 15-17 հազար եւ Սպիտակում՝ 4 հազար մարդ:

Ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17 տոկոսը, դադարեց գործել 100-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս հասավ նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին:

Աշխարհը Հայաստանի կողքին էր

Երկրաշարժի առաջին րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը, սակայն խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը: Երկրաշարժից հետո Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։ Հայաստան էին տեղափոխվում դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և այլ պարագաներ։ 1989 թվականին աղետի գոտում աշխատում էին Խորհրդային Միության տարբեր շրջաններից ժամանած ավելի քան 40 հազար մասնագետներ, զինծառայողներ։ Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին:

Երկրաշարժի առաջին ժամերից Հայաստանի կողքին էր Սփյուռքը: Մեր հայրենակիցները բազմաթիվ նախաձեռնությունների շրջանակում, անհատապես իրենց օգնությունն էին առաջարկում: Նրանց կողմից ստեղծվեցին «ՍՈՍ Արմենի», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ։ Բազմաթիվ սփյուռքահայ մասնագետներ շտապեցին Հայաստան՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին այստեղ և մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Բնակարանաշինություն

Սպիտակի երկրաշարժի հետևանքով տարբեր ծրագրերի շրջանակում լուծվել է անօթևան մնացած 66 հազար 400 ընտանիքի բնակարանային խնդիրը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը նշեց, որ պետական ծրագիրը շարունակվում է, եթե քաղաքային հատվածներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուների բնակարանային հարցը լուծվել է, ապա գյուղական հատվածներում դեռ խնդիր կա:

«Երկրաշարժից 20 տարի անց պետությունը բնակարանային ապահովման ծրագրի շահառու դառնալու համար հերթագրման վերջնաժամկետ սահմանեց, որի ընթացքում հաշվառման կանգնեց մոտ 7 հազար ընտանիք: Նրանց ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո շահառու ճանաչվեց մոտ 5 հազար 400 ընտանիք: 2008-2017 թվականների ընթացքում մոտ 65 մլրդ դրամի հաշվին լուծվել է 4 հազար 839 ընտանիքի բնակարանային խնդիր և դեռևս լուծված չէ 542 ընտանիքի խնդիր: Նրանք Լոռու, Շիրակի, Արագածոտնի գյուղական բնակավայրերում են»,-ասաց Տանյա Արզումանյանը:

2018 թվականին բյուջեով պետական ծրագրի համար նախատեսված է 460 մլն դրամ, որով Լոռու մարզի բնակավայրերում այն ընտանիքների բնակարանների խնդիրների կլուծվեն, ովքեր ունեն անավարտ կիսակառույց տներ և այդ տները կառուցապատողի սնանկացման պատճառով մնացել էին անավարտ: Առնվազն 44 ընտանիքի կիսակառույց տուն ավարտին կհասցվի:

Տանյա Արզումանյանը տեղեկացրեց, որ ևս 560 մլն դրամ նախատեսված է 2019 թվականի բյուջեով: Նախատեսված է, որ շահառուներին բնակարաններով ապահովելու ծրագիրը կավարտվի 2020 թվականին:

Կառավարության արտագնա նիստ, հիշատակի արարողություն

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ Շիրակի մարզում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որին մասնակցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կմեկնարկի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որի շրջանակներում գործադիրը կընդունի դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը:

Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Ժամը 11:41-ին 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին կհնչեն եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից կմատուցվի հոգեհանգստի կարգ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը հանդես կգա ուղերձով։ Ելույթ կունենա ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը:

Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ցուցադրական վարժանքի իրականացման տարածքում նախատեսված է ԱԻՆ Փրկարար ծառայության ուժերի ցուցադրական վարժանք: Վարժանքի ավարտից հետո պաշտոնատար անձինք կծանոթանան վարժանքի տարածքում ծավալված վրանային ավանին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը կմասնակցեն նաև թեթև արդյունաբերական ձեռնարկության բացմանը:

Գյումրու Սև բերդում կանցկացվի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ծրագրում կհնչի Մոցարտի «Ռեքվիեմ»-ը:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողով: Այն կհյուրընկալի ոլորտով հետաքրքրված ավելի քան 200 երիտասարդի՝ ՀՀ բոլոր մարզերից: Համաժողովին ներկա կլինեն և ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Հայերեն English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում