Քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն հարցազրույցներ քաղաքական առաջնորդների հետ, բանավեճի ձևաչափով հաղորդումներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն ամենօրյա հարցազրույցներ քաղաքական առաջնորդների հետ, ինչպես նաև բանավեճի ձևաչափով հաղորդումներ՝ քաղաքական ուժերի ծրագրերը հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությունը կտրամադրի հավասար պայմաններով եթերաժամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանումը Հանրային հեռուստաընկերությունը կիրականացնի հետևյալ հարթակներով՝ Լրատվական ծառայություն, Նախընտրական բանավեճ, «Այսօր իրականում», Նախընտրական մեծ բանավեճ լիդերների մասնակցությամբ և «Խաղի կաննոններ»:

«Այսօր իրականում» հաղորդաշարի շրջանակում, որն եթեր է հեռարձակվում «Լուրեր» լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, հաղորդավար Պետրոս Ղազարյանը կհյուրընկալի ԱԺ արտահերթ ընտրություններին գրանցված քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարներին:

Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը քաղաքական 11 ուժերի ներկայացուցիչներ կհյուրընկալվեն 45-50 րոպե տևողությամբ նախընտրական բանավեճի, որը հնարավորություն կտա ուժերին ներկայացնել իրենց ծրագրերն ու խոսել պոտենցիալ ընտրողի հետ: Ամեն օր 4 քաղաքական ուժ կբանավիճի Հանրային հեռուստաընկերության նախատեսած թեմաների շուրջ՝ կրթություն և մշակույթ, սոցիալ-տնտեսական քաղաքականություն (հարկային քաղաքականություն, բյուջետային միջոցների կարգավորում, տնտեսական զարգացում) և առողջապահություն, կոռուպցիա, ներքին քաղաքականություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում, անվտանգություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Բոլոր ուժերը քարոզարշավի ընթացքում 3-4 անգամ կմասնակցեն բանավեճի։ Նախընտրական բանավեճի մոդերատորներն են Պետրոս Ղազարյանն ու Արաքսյա Թադևոսյանը:

Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում մեկ օր, եթերում կկազմակերպվի Նախընտրական մեծ բանավեճ՝ 11 քաղաքական ուժերի առաջին համարների մակարդակով։ Նախըտրական մեծ բանավեճը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Բանավեճի մոդերատորներն են Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը:

Արմեն Դուլյանի «Խաղի կանոնները» քաղաքական հաղորդաշարի ընթացքում ևս նախատեսվում են բանավեճեր. հաղորդաշարին կհյուրընկալվեն ոլորտի էքսպերտներն ու կբանավիճեն առաջարկվող թեմաների շուրջ:

Բանավեճերի և հարցազրույցների վերաբերյալ հրավերներ ուղարկվել են բոլոր քաղաքական ուժերին։ Որոշ լիդերներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը նախընտրական գլխավոր բանավեճին։

Հայերեն English Français Русский