Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզվող «օրենքով գող» Մերաբ Քալաշովը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները նոյեմբերի 6-ին Նուբարաշենից ոստիկանություն բերման են ենթարկել նախկինում դատապարտված, քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 1975 թվականին ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նա Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից 2015 թվականից հետախուզվում էր Ֆրանսիայի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (չարագործների խմբավորման համար հանցագործություն նախապատրաստելը, կազմակերպված խմբավորման կողմից գողացված իրերը թաքցնելը, փողերի լվացում): Խափանման միջոցը` կալանք: Նրա հայտնաբերման մասին նյութերը հայտնվել են ՀՀ գլխավոր դատախազություն և Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրո: