Տնտեսություն

Փաշինյանը Ամուլսարի ծրագրի վտանգավոր չլինելու հիմնավոր փաստարկների անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը Ամուլսարի ծրագրի վտանգավոր չլինելու հիմնավոր փաստարկների անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի և Ջերմուկի ջրային ավազանների համար Ամուլսարի ծրագրի վտանգավոր չլինելու հիմնավոր փաստարկների անհրաժեշտություն կա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հերթական նիստում, որի օրակարգում է վարչապետի ընտրության հարցը:

«Ամուլսարի ծրագրի համար մեզ պետք է փաստարկ, որ դրանում վտանգներ չկան: Մեզ ասում են, որ չկա, հավատացեք մեր խոսքին: Թեղուտում ինչ էր տեղի ունենում, անտառ ոչնչացրին, հանքը բացեցին և հիմա չգիտեն, թե խնդիրն ինչպես են լուծելու: Սևանի հարցը Ղարաբաղի հարցի նման է ինձ համար: Երբ կլինի հիմնավորում, որ այդ ծրագիրն անվտանգ է Սևանի և Ջերմուկի ջրային համակարգի համար, դա կաշխատի, իսկ եթե պարզվի, որ վտանգ կա, ես որպես վարչապետ, թույլ չեմ տա աշխատել»,-ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով՝ Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված վիճակը որոշակի բացասական ֆոն է ստեղծում, ազդում է ներդրումների վրա:

Անդրադառնալով տնտեսական աճի վերաբերյալ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հարցին՝ Փաշինյանը նշեց՝ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների մասին նախկինում եղած պնդումները կեղծ են եղել: «Մեր տնտեսության եղել է հետևյալը. ընդերքը քանդել ենք, վաճառել և ասել, որ արտահանում ունենք: Մենք չենք ուզում այս ճանապարհով գնալ: Մենք ուզում ենք, որ կայուն տնտեսական հիմքի վրա դնենք մեր երկիրը: Հայաստան ագրարային երկրից պիտի վերածենք բարձր տեխնոլոգիական երկրի, որտեղ աշխատանքը խրախուսվում է: Մենք այդ ռիսկերն ունենք, ԿԲ-ն հավաստիացնում է, որ դրամի հետ կապված ամեն ինչ նորմալ է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ հունիսին տնտեսական աճի աննախադեպ ցուցանիշ էր գրանցվել: Պարզվել էր, որ եղել է ֆուտբոլի աշխարհի առաջնություն, բուքմեյքերական ընկերություններում գումար դնելու հաշվին ենք տնտեսական աճ արձանագրել: Փաշինյանը ասաց՝ սակայն նման ճանապարհով տնտեսական աճ չեն ուզում: Նա նշեց՝ պատրաստ են քննարկումների , թե տնտեսական քաղաքականության համար ինչ ուղղությամբ պետք է գնան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում