Մշակույթ

Սոս Պետրոսյանի հոբելյանը կնշվի բազմաբովանդակ կրկեսային և երաժշտական համարներով հագեցած համերգով

2 րոպեի ընթերցում

Սոս Պետրոսյանի հոբելյանը կնշվի բազմաբովանդակ կրկեսային և երաժշտական համարներով հագեցած համերգով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանի 70-ամյա հոբելյանը կտոնվի հետաքրքիր համերգային ծրագրով, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյին ելույթ կունենան թատրոնի, կինոյի, էստրադայի և կրկեսի դերասաններ:

Միջոցառման հատուկ հյուրերն են «Արագ փոխակերպման» վարպետներ, Գինեսի ռեկորդակիրներ, բազմաթիվ մրցանակների դափնեկիրներ Սոս և Վիկտորիա Պետրոսյանները:

Սոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկայացումը կսկսեն` մեկ րոպե լռությամբ հարգելով մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը: Երեկոյին հատուկ համար կներկայացվի`նվիրված Ազնավուրին:

«Երբ քսան տարեկանում աշխատում էի հայկական կրկեսային կոլեկտիվում, Լեոնիդ Ենգիբարյանը 35 տարեկան էր: Նայում էի նրան ու մտածում, որ նա շատ մեծ է: Հավանաբար, պատճառը տարիքը չէր. նրա մեծությունն էր ստիպում մտածել, որ Ենգիբարյանը ինձանից հազար տարի մեծ է: Ասում էի, որ ես էլ կդառնամ 35 տարեկան, իսկ հիմա 70 եմ: Կցանկանայի, հոբելյանս նշել մեր կրկեսում, բայց որոշվեց այս դահլիճում տոնել, մինչև կրկեսը կանգուն լինի»,-ընդգծեց Պետրոսյանը:

Նա հպարտությամբ ասաց, որ երեկոյին իր որդու` Սոս Պետրոսյան կրտսերի, հարսի` Վիկտորիա Պետրոսյանի հետ ելույթ կունենան նաև իր թոռները:

Անդրադառնալով կրկեսի ներկայիս վիճակին` նա ասաց, որ շինարարական աշխատանքներն այժմ մեծ թափ են ստացել. մնացել է լուծել կրկեսի ներքին հարդարման խնդիրները:

Սոս Պետրոսյանը կրկեսի մասին պատմող մի քանի գրքի հեղինակ է: Այս տարի նա հրատարակել է «Հայկական կրկես» գիրք, որտեղ ներկայացվում է հայկական կրկեսի ողջ պատմությունը: «Սա իմ ամենախոշոր գիրքն է` հագեցած բազմաթիվ լուսանկարներով»,-եզրափակեց Սոս Պետրոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում