ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 2-ին Դեմիրճյան փողոցում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:
«Քանի որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն ունեն հատուկ կարգավիճակ, նրանց կփոխանցվի նյութերը, իսկ միջադեպին կտրվի իրավական գնահատական՝ ըստ ընթացակարգի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Օսիպյանը:
Ոստիկանապետը հայտնեց, որ այդ գործով բերման են ենթարկվել Արայիկ Գրիգորյանի և Միհրան Պողոսյանի թիկնապահները: