Սևանա լճում ազոտի ու ֆոսֆորի պարունակությունը նորմայի սահմաններում է. բնապահպանության նախարար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարարության նախնական ուսումնասիրություններով՝ Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը նորմայի սահմաններում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ առողջապահության նախարարության բարձրացրած խնդիրը՝ Սևանա լճում ջրիմուռների տարածման հետ, դիտարկվում է ոչ միայն մեր քաղցրահամ պաշարում, այլև այլ ջրային ավազաններում, մասնավորապես, Եվրոպայում գտնվող: «Մի քանի գործոններ են, որ գումարվել են իրար. նվազ տեղումներ, բարձր ջերմաստիճան, կեղտաջրերի մեծ ծավալներ: Բնապահպանական հիմնական լայնածավալ ուսումնասիրությունները կիրականացնենք այս ամսվա վերջ, բայց մինչ այս՝ նախնական հետազոտությամբ՝ ազոտի ու ֆոսֆորի չափը նորմայի մեջ է»,-ասաց նախարարը:

Նախատեսվում է, որ լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում և խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում:

Առողջապահության նախարարությունը հուլիսի 25-ին հաղորդագրություն է տարածել, որով, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրի կանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:

«Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։ Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է` չլողալ կանաչ կամ «ծաղկած» ջրում, արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում, վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի»,-ասված էր հաղորդագրության մեջ:

Ըստ բնապահպանության նախարարության հետազոտության արդյունքների` 2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար:

«Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային և միջին շերտերում գնահատվել է 0.08 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.15 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.3 մգ/լ): Ամոնիում իոնի միջին կոնցենտրացիան մակերևութային շերտում 0.25 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.17 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (0.5 մգ/լ): Նիտրատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային շերտում գնահատվել է 0.19 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.12 մգ/լ: Դիտված կոնցենտրացիաները չեն գերազանցում ՀՀ էկոլոգիական նորմը (11 մգ/լ)», - նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Սևանա լճի մակարդակը սույն թվականի հուլիսի 25-ի դրությամբ 5 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից` 1900.81 մ-ից, և կազմում է 1900.76 մ:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը