Հասարակական

2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել է 3466-ը

3 րոպեի ընթերցում

2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել է 3466-ը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հուլիսի 18-ին տեղի է ունեցել վարչության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թվականի 6 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում, որին ներկա էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

ԻՆչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվետու զեկույց է ներկայացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը: 2018 թվականի առաջին կիսամյակում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 4632 դեպք, բացահայտվել են 3466-ը:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը իր խոսքում անդրադարձել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատանքին: Նա նշել է, որ կան էական բացթողումներ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Խոսք է գնացել նաև առանձին հանցատեսակների մասին: Ընդգծվել է, մասնավորապես, նախորդ տարիներին կատարված, անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների, խուլիգանության և մի շարք այլ հանցատեսակների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Նշվել է, որ մտահոգիչ է բնակարանային գողությունների թիվը:

Վալերիյ Օսիպյանը ընդգծելով կոռուպցիայի բացառման և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքները, ստորաբաժանումների ղեկավարությանը ցուցումներ է տվել միջոցառումներ ձեռնարկել անձնակազմի կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ, կազմակերպել և պատշաճ անցկացնել ծառայողական պարապմունքները:

Ոստիկանության պետը նշել է, որ հաջորդ ամփոփմանը, կախված հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունից և մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման որակից, հետևություններ կարվեն ու կկայացվեն համապատասխան որոշումներ:

Եվս մեկ անգամ կարևորվել է այս տարի Երևանում նախատեսված արարողակարգային զանգվածային միջոցառումների կազմակերպումն ու անվտանգ անցկացումը, ինչի ընթացքում մեծ անելիք ունի ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը:

Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանը հավաստիացրել է, որ հաջորդ ամփոփմանը վարչությունը կունենա հանցագործությունների բացահայտման առավել լավ վիճակագրություն:

Ամփոփման ավարտին հանցագործություն բացահայտելու և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի պետ Վահրամ Խաչատրյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Հայկազ Պողոսյանը պարգևատրվել են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում