Հասարակական

Արա Վարդանյանը վերադարձել է աշխատանքի, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ստանալ

2 րոպեի ընթերցում

Արա Վարդանյանը վերադարձել է աշխատանքի, «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է նվիրատվություններ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը գնացել է աշխատանքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հիմնադրամի մամուլի խոսնակ Անուշ Մարտիրոսյանը:

«Հիմնադրամն աշխատում է այնպես, ինչպես նախկինում էր, ոչինչ չի փոխվել հիմնադրամի աշխատանքներում: Անխափան գործում են մեր բոլոր ծրագրերը: Առաջիկայում հուլիսի 16-ին Արցախի համայնքներից մեկում ունենք համայնքային կենտրոնի բացում, նախատեսվում է կրկին Արցախում բազմազավակ ընտանիքներին տներ հանձնել: Այսինքն՝ բնականոն ընթացքով ծրագրերը շարունակվում են»,-ասաց Անուշ Մարիտիրոսյանը:

Այն հարցին, թե այս օրերին նվիրատուներից զանգեր եղե՞լ են, Անուշ Մարտիրոսյանը պատասխանեց, որ, բնականաբար, եղել են, անհանգստացել են, ցանկանում էին մանրամասն տեղեկություններ իմանալ:

«Մեր կողմից բոլորին պատշաճ կարգով տեղեկություններ են տրամադրվել: Ասեմ ավելին, այս ընթացքում նվիրատվությունները շարունակվել են»,-ասաց Անուշ Մարտիրոսյանը:

ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ազատ է արձակվել, դատարանը սահմանել է գրավ 1 մլն դրամի չափով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում