Հասարակական

Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար

2 րոպեի ընթերցում

Կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում Մանվել Գրիգորյանին պատկանող վայրի կենդանիների խնամքն ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին պատրաստակամություն է հայտնում աջակցել « Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) նախաձեռնությանը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին մասնագիտացված համապատասխան վայր անվտանգ տեղափոխելու գործում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից:

Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, ուղևորվում է Էջմիածին՝ կենդանիներին մասնագիտական հնարավոր բուժօգնություն ցուցաբերելու և դրանց՝ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու: Փոխքաղաքապետի հանձնարարականով Կենդանաբանական այգին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու կենդանիների հետագա խնամքն ու կեցությունը Կենդանաբանական այգում:

Ավելի վաղ FPWC-ի աշխատակիցները հաղորդագրություն էին տարածել, որով պատրաստակամություն էին հայտնել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանատեսակների անվտանգ տեղափոխել համապատասխան մասնագիտացված տարածք:

«Կենդանիների բուժզննումից և հիվանդություննների ախտորոշումից հետո կորոշվի նրանց մշտական բնակության վայրը, որը ՀՀ տարածքում կարող է լինել Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության փրկարար կենտրոնը և/կամ արտասահմանյան այլ մասնագիտացված կենտրոն՝ ըստ առկա ներուժի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում