Տնտեսություն

«Նաիրիտով» հետաքրքրված ներդրողներ կան». էներգետիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

«Նաիրիտով» հետաքրքրված ներդրողներ կան». էներգետիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ «Նաիրիտ» գործարանով հետաքրքրվող ներդրողներ կան: Լրագրողների հետ ճեպազրույցում պաշտոնյան նշեց, որ նրանց շարքերում են ներդրողներ ինչպես եվրոպական երկրներից, այնպես էլ ԱՄՆ-ից: «Այս պահին կան միջազգային կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են «Նաիրիտ» գործարանի հետագա գործունեության աշխատանքների ծրագրերով: Նրանք շուտով կժամանեն Հայաստան ու կանցկացնեն տեխնիկատնտեսական աուդիտորական աշխատանքներ, ինչից հետո կունենանք եզրակացություն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արթուր Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ գործարանը ներկայում գտնվում է սնանկության գործընթացում, կա լուծարային կառավարիչ, և իրենք որևէ միջամտություն չեն կարող իրականացնել, բայց փորձել են պայմանավորվածություն ձեռք բերել ժամանակավորապես դադարեցնել գույքն աճուրդի հանելու գործընթացը: «Արդեն կա գույքագրված ու աճուրդի սակարկության ներկայացված որոշակի գույք, երեկվա մեր քննարկման ընթացքում պայմանավորվածություն ենք ձեռք բերել ժամանակավորապես դադարեցնել այդ աշխատանքները՝ մինչ կունենանք տեխնիկատնտեսական աուդիտորական վերլուծություն»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ներդրողների միջոցներո՞վ է, արդյոք, իրականացվելու աուդիտը, Արթուր Գրիգորյանը նշեց, որ դեռ չի զրուցել նրանց հետ, մոտ ժամանակներս նախատեսված է հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում