ԱԻ նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել հակակարկտային հրթիռների ֆունկցիոնալ թերությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 24-ին ընդունեց ռուսական «ԱՆՏԻԳՐԱԴ» ընկերության, Պոլիմերային նյութերի գիտահետազոտական ինստիտուտի և «Իրվիս» ընկերության առաջատար մասնագետներից կազմված պատվիրակությանը՝ ակադեմիկոս Մագոմեդ Աբաշևի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հակակարկտային հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագրի շրջանակներում Արմավիրի և Արագածոտնի մարզերում տեղադրված հրթիռային կայանների ու հրթիռների փորձարկման ընթացքում հայտնաբերված ֆունկցիոնալ թերությունների շուտափույթ շտկման և հետագայում ֆունկցիոնալ խաթարումներից խուսափելու նպատակով իրականացվող միջոցառումները:

Փորձարկումները ցույց են տվել, որ հակակարկտային հրթիռներն ունեն բարձր արդյունավետություն, սակայն ֆունկցիոնալության տեսանկյունից առկա են են խնդիրներ, մասնավորապես՝ կրակոցների ընթացքում 15-17% շեղումներ են արձանագրվել:

ԱԻ նախարարը շեշտեց, որ խնդիրները պետք է վերացվեն առավելագույնս սեղմ ժամկետներում, քանի որ հակակարկտային հրթիռային կայանների անխափան գործունեությունը կենսական նշանակություն ունի գյուղատնտեսության համար:

Ռուս գիտնականները ՀՀ ԱԻՆ աշխատակիցների համար անցկացնելու են վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև՝ շարունակելու են հրթիռային կայանների և հրթիռների փորձարկումները:

Նոր հակակարկտային հրթիռային կայաններից արդեն իրականացվել է մեկ տասնյակից ավելի կրակոց, որից 8-ը՝ Ոսկեվազ համայնքի տարածքում, որտեղ առկա է եղել կարկտաբեր ամպ: Այդ ամպի վրա իրականացվել է ակտիվ ներգործություն, որի արդյունքները դրական են գնահատվել:

Ռուս մասնագետները Հայաստանում կմնան մինչև մայիսի 25-ը:

Հայերեն