Հասարակական

Առողջապահության նորանշանակ նախարարը հանդիպել է նախարարության աշխատակիցների հետ

2 րոպեի ընթերցում

Առողջապահության նորանշանակ նախարարը հանդիպել է նախարարության աշխատակիցների հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանը մայիսի 14-ին հանդիպել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Շնորհավորելով Արսեն Թորոսյանին նշանակման կապակցությամբ` Լևոն Ալթունյանն աշխատանքային հաջողություններ է մաղթել և աջակցության պատրաստակամություն հայտնել։ Նա ընդգծել է, որ երկրում կատարված փոփոխությունների արդյունքում իրականացվող սերնդափոխությունը նոր շունչ կհաղորդի առողջապահության ոլորտին։ Նախկին նախարարը նաև շնորհակալություն է հայտնել անձնակզմին համատեղ անցած ճանապարհի, իրականացվող ծրագրերի համար` մաղթելով աշխատանքային հետագա հաջողություններ։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես առողջապահության նախարարության և կառավարության շահերով` ուղղված բնակչության առողջության պահպանմանը։

«Քաղաքական իրողություններ են փոխվել, ինչը հնարավորություն կտա աշխատելու բացառապես հանուն երկրի, հանուն ոլորտի զարգացման։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վաղը նոր եկող մարդկանց հետ որևէ խնդիր չունենանք»,-ասել է առողջապահության նախարարը` հավելելով, որ ոլորտի քաղաքականություն մշակող այս կառույցը նաև պետք է հանդես գա համակարգին աջակցողի դերում։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը շարունակվելու և զարգանալու են։ Այն ծրագրերը, որոնք թերություներ ունեն կամ շտկումների անհրաժեշտություն կա, կվերանայվեն, գուցե և դադարեցվեն։ Նախարարը նշել է նաև նոր ծրագրեր մեկնարկելու մասին։

Առօրյա աշխատանքում Արսեն Թորոսյանը բոլորից ակնկալում է լիովին նոր մոտեցում և նոր աշխատելաոճ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում