Հասարակական

ԻՏՁՄ-ն պատրաստ է աջակցել ընտրական գործընթացների տեխնոլոգիական խնդիրների լուծմանը

4 րոպեի ընթերցում

ԻՏՁՄ-ն պատրաստ է աջակցել ընտրական գործընթացների տեխնոլոգիական խնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պատրաստ է նպաստել Հայաստանի հանրային կյանքի ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության էլ ավելի ամրապնդմանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության հայտարարությունը ընթացիկ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)՝ որպես Հայաստանի 82 ընկերություն միավորող տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն բիզնես ասոցիացիա, հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ վերամիավորված Հայաստանը վերականգնել որպես բարձր տեխնոլոգիական երկիր, գնահատելով ներկա պահը՝ որպես համազգային շարժում եւ Հայաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքում դրական փոփոխություններ իրականացնելու աննախադեպ հնարավորություն, որը կհանգեցնի հայրենադարձությանն ու մասնագետների ներգաղթին, երկրում կստեղծի արդարության մթնոլորտ, ինչը կապահովի կրթության, տեխնոլոգիաների եւ բիզնեսի ոլորտներում կտրուկ զարգացում, կարեւորելով երկրի կայունությունը, անվտանգությունը եւ ներկա իրավիճակի խաղաղ եւ շուտափույթ հանգուցալուծումը, արձանագրելով, որ ոլորտի մասնագետները՝ ունենալով բարձր մտավոր, մասնագիտական եւ մարդկային ներուժ, աշխատում եւ պայքարում են Հայաստանի համար, այդ թվում՝ ակտիվ մասնակցելով ներկայիս համաժողովրդական շարժմանը, հայտարարում է, որ միությունը սատարում է համաժողովրդական շարժմանը եւ անթույլատրելի է համարում երկիրն առանց ընտրված ղեկավարի թողնելը եւ ճգնաժամի արհեստական երկարաձգումն եւ խորացումը: Միությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին անհապաղ ձեռնամուխ լինել երկիրը ստեղծված ճգնաժամային իրավիճակից հանելուն:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման դեպքում՝ ԻՏՁՄ-ն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ընտրական գործընթացների տեխնոլոգիական խնդիրների լուծմանը: Միեւնույն ժամանակ, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի հանրային կյանքի ժողովրդավարացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը եւ կոչ ենք անում շարժման ակտիվ մասնակիցներին օր առաջ կազմավորել. արդյունավետ հանրային կառույցներ. մասնավորապես՝ մինչ ընտրությունների օրը, հրավիրել համատիրությունների ժողովներ եւ փոխել համատիրությունների իշխանական լծակները չարաշահող ղեկավար կազմը, հանրակրթական ոլորտում՝ ծնողական վերահսկողության խմբեր՝ ըստ դպրոցների եւ դասարանների, որոնց հիմնական խնդիրը կլինի ոչ միայն ապահովել արդյունավետ վերահսկողություն՝ կրթական գործընթացների որակի, այլեւ կրթօջախներում իրականացվող ընտրությունների նկատմամբ:

Նոր կառավարության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ ենք համարում գործող տեխնոլոգիական բիզնեսի եւ նրա աշխատակիցների կառավարության հետ հետադարձ կապի ապահովումը: Ուստի կոչ ենք անում. կազմավորել ոլորտային մասնագիտական միություններ, որոնք թույլ կտան իրավիճակը գնահատել՝ ելնելով աշխատակիցների շահերից, որն իր հերթին կերաշխավորի խնդիրների՝ ժամանակին եւ արդյունավետ արձագանքումը կառավարության կողմից, հնարավորինս արագ ընդգրկվել գործող բիզնես միություններում կամ ստեղծել նորերը: Վերջիններիս միջոցով մինչ ընտրությունների ավարտը քննարկել եւ ներկայացնել ոլորտային խնդիրները նորընտիր ԱԺ-ին եւ Կառավարությանը»,-ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում