ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող Տիրայր Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր ոստիկանների կողմից ապրիլի 20-ին Երևան-Աբովյան մայրուղուց բերման ենթարկվելու մասին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողը գրառում էր կատարել, որ ոստիկանական ծառայողներն իրեն տանում են անհայտ ուղղությամբ:
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետԱշոտ Ահարոնյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ լրագրողը բերման չի ենթարկվել: «Նշված վայրից մի քանի մետր հեռավորությամբ նա իջեցվել է մեքենայից: Այս պահին ոստիկանության ծառայողները զրուցում են նրա հետ»,- ասաց Ահարոնյանը:
Ապրիլի 19-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով անձինք ծեծի էին ենթարկել: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բժիշկները լրագրողի մոտ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ քունքի ու ծոծրակի հատվածի վնասվածք էին ախտորոշել:
Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: