Ալեք Մանուկյան փողոցը բացվեց. կան բերման ենթարկվածներ
1 րոպեի ընթերցում
![Ալեք Մանուկյան փողոցը բացվեց. կան բերման ենթարկվածներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/930700.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացվող հավաքի մասնակիցները շարունակում են երթը Դավթաշենի վարչական շրջանում, մի խումբ քաղաքացիներ ապրիլի 20-ին փորձեցին փակել Երևանի Ալեք Մանուկյանի փողոցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ոստիկանները հավաքի մասնակիցներին դուրս բերեցին փողոցի երթևեկելի հատվածից: Որոշ քաղաքացիներ տեղում գտնվող ոստիկանական մեքենայով բերման ենթարկվեցին:
Կարճ ժամանակ անց Ալեք Մանուկյան փողոցի երկայնքով երթևեկությունը բացվեց: Ոստիկաններից կազմված կենդանի պատը մայթերին գտնվող քաղաքացիներին թույլ չի տալիս մտնել ճանապարհի երթևեկելի մաս:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ պատրաստակամ է աջակցել խաղաղ հավաքի անցկացմանն այնպիսի վայրում, որը չի հանգեցնում այլոց իրավունքների, ազատությունների անհամաչափ սահմանափակման: