Տնտեսություն

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ

2 րոպեի ընթերցում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է տարեկան ապահովել 5 և ավելի տոկոս տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նոր ծրագրով նույնպես տնտեսական քաղաքականության կուրսն ուղղված է լինելու արտահանման խրախուսմանը: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Կառավարության ծրագիր իր մեջ որոշակի թվեր պարունակելու է, մասնավորապես, ամրագրվելու է, որ տարեկան առնվազն պետք է ունենանք 5 և ավելի բարձր տոկոսի տնտեսական աճ: Կարևոր ուղղություն է շարունակելու մնալ արտահանման խրախուսումը, մենք տեսնում ենք, որ կարող ենք ապահովել կայուն տնտեսական աճ՝ ի հաշիվ արտահանման: Մենք իրավունք չունենք տնտեսական զարգացման տեմպերը թուլացնելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարայանը:

Նրա խոսքով՝ ներդրումային ծրագրերի քննարկման տենդենցը կառավարությունը շարունակում է, հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ցուցանիշները բավականին բարձր են եղել և հուսադրող: «Մեր կանխատեսումներով՝ 2018-ի եռամսյակը նույնպես կփակենք նմանատիպ բարձր ցուցանիշներով»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանը՝ Կարայանն ասաց, որ ոլորտում 2017-ին ապահովվել է մոտ 20 տոկոսանոց աճ: «Վստահեցնում եմ, որ 2018-ի առաջին կիսամյակում ևս խոսելու ենք զարգացման մասին»,- ասաց նախարարը:

2017 թվականի արդյունքներով Հայաստանում արձանագրվել է 7,5 տոկոս տնտեսական աճ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում