Հասարակական

Երիտասարդներն ազգ-բանակի զինվորներն են. Նախարար Սարգսյանը մասնակցեց քառօրյայի հերոսների հիշատակի մոմավառությանը

4 րոպեի ընթերցում

Երիտասարդներն ազգ-բանակի զինվորներն են. Նախարար Սարգսյանը մասնակցեց քառօրյայի հերոսների հիշատակի մոմավառությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի այգու՝ Արցախյան քառօրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված խաչքարը գիշերային մթության մեջ լուսավորվել էր մոմերի լույսով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։

Երիտասարդներին դեպի խաչքար առաջնորդեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, հոգևոր այրեր:

Նոր Նորքի հոգևոր հովիվ Տեր Նորայր ավագ քահանա Բաղդասարյանն առոթք հնչեցրեց առ Աստված, խաղաղություն հայցեց հերոս նահատակների հոգու համար, շնորհավորեց նաև ներկաների Սբ Հարության տոնը:

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի այգում երիտասարդները կատարեցին ՀՀ օրհներգը, նրանց միացավ նաև նախարար Սարգսյանը:

«Վստահաբար, այսօր այստեղ եկած երիտասարդները որպես սգացողներ չեն՝ զոհված ընկերների շիրիմի վրա: Եկել են որպես ազգ-բանակի զինվորներ՝ իրենց վստահությունը արտահայտելու, իրենց պատրաստակամությունը հայտնելու, պայքարելու մեր արժեքների, արժեհամակարգի համար: Դա է ամենամեծ դասը այսօրվա և ապրիլյան պատերազմի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմի հիմնական դասն ու խորհուրդը նրանում է, որ պատերազմները ոչ սկսվում, ոչ ավարտվում են ստորագրված փաստաթղթերով կամ կնքված պայմանագրերով, դրանք երկար դարերով եկած պայքար են՝ ժողովրդի պայքար, որը միշտ արարել է իր հողում, արարել որպես առաջին քրիստոնյա պետություն, որպես ուրույն արժեհամակարգ կերտած ժողովուրդ: Այդպիսի ժողովրդի պայքարը հարատև է:

«Ղարաբաղյան պատերազմը և արցախյան պայքարը ընդամենը մեկ դրվագեն մեր շատ ավելի երկար պատմության, և ապրիլյան պատերազմի հիմնական դասն այն է, որ մենք պետք է այդ պայքարն ընդունենք որպես կենսակերպ, և ոչ որպես մեկ մարտ կամ մեկ պատերազմ, որը ավարտվում է ժամանակի մեջ խաղաղության պայմանագրով, իսկ ամենածանր, ամենադժվար պատերազմն անգամ ավարտվում է կնքված փաստաթղթերով, պայմանագրերով, այլ՝ կենսակերպ: Եվ այդ կենսակերպը հենց ազգ-բանակ լինելու կենսակերպն է, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում»,-նկատեց նախարար Սարգսյանը:

Իսկ բանակաշինությունը, ըստ նրա, մի գործընթաց է, որը երբեք չի կարող բավարարել նրանց, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար. միշտ պետք է աշխատել՝ ավելիին հասնելու համար:

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Կողմերն ունեցել են մարդկային կորուստներ: Ապրիլի 5-ին՝ ժամը 12․00-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում