Հասարակական

Հայանիստն օր օրի նորանում է

2 րոպեի ընթերցում

Հայանիստն օր օրի նորանում է

ԱՐՏԱՇԱՏ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի տարածաշրջանի Հայանիստ համայնքը, որտեղ վերաբնակեցվել են Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից ներգաղթած բնակիչները, անգամ խորհրդային տարիներին խմելու ջուր չի ունեցել տներում: Շուրջ 70 տարի բնակիչներն օգտագործել են էկոլոգիապես ոչ մաքուր ջուր՝ այն բերելով տարբեր տեղերից կամ օգտվելով արտեզյան հորերից:

Այժմ համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում: Մնում է միայն Գետաշեն թաղամասը, որտեղ բնակվող 500 բնակչներին մշտական ջրամատակարարում ապահովելու համար անհրաժեշտ է անցկացնել 300 մ ջրագիծ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանն ասաց, որ աշխատանքներ են տարվում համապատասխան կազմակերպությունների հետ 20 մլն դրամի ներդրման համար:

Հաջողության դեպքում համայնքը կներդնի գումարի տասը տոկոսը: Խնամված, լուսավորված եւ գեղեցկացած են համայնքի գլխավոր փողոցները: Երեւան- Հայկաշեն, Մասիս-Էջմիածին խաչմերուկում տեղադրվել է լուսացույց, ինչը նպաստում է անվտանգ երթեւեկությանը: Նախկինում լուսացույցի բացակայության պատճառով այստեղ տեղի էին ունենում բազմաթիվ վթարներ: Գյուղն 90 տոկոսով գազիֆիկացված է: 10 կմ ճանապարհն ամբողջովին խճապատված է: Ոռոգման ջրի հարցը նույնպես լուծվել է: Ձկնաբուծական կայանների ջուրը, հետադարձ ճանապարհով, մաքրվելուց հետո օգտագործվում է ոռոգման նպատակով: Ջուրը պոմպերով մղվում է 50 հա հողեր ոռոգելու նպատակով:

Նախկինում այդ տարածքները լիարժեք չէին ոռոգվում, կամ ոռոգման տարեշրջանի ժամանակ առաջանում էին լուրջ խոչընդոտներ: Լուծվել է նաեւ վաղուց լուծում պահանջող հիմնախնդիրը. մայրաքաղաքի 35 համարի ավտոբուսը սպասարկում է քաղաքից 9 կմ հեռավորությամբ գտնվող Գետաշեն թաղամասի բնակիչներին: Գյուղն ունի մսուր-մանկապարտեզ, որտեղ հաճախում են նաեւ հարեւան համայնքների երեխաները:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում