Հասարակական

Տեղեկություն կա, որ դեղատոմսերը դեղատների առջև գրում ու վճարի դիմաց տալիս են. Վարչապետն՝ առողջապահության փոխնախարարին

3 րոպեի ընթերցում

Տեղեկություն կա, որ դեղատոմսերը դեղատների առջև գրում ու վճարի դիմաց տալիս են. Վարչապետն՝ առողջապահության փոխնախարարին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց դեղերի՝ դեղատոմսով բաց թողնելու գործընթացի կարգի փոփոխության մասին որոշման նախագծին. գործընթացը Հայաստանում կանցկացվի փուլ առ փուլ, այլ ոչ թե միանգամից:

«Ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում ենք աստիճանական անցման ժամանակացույց: Ժամանակացույցի հիմքում դրել ենք դեղերի ռիսկայնության աստիճանը: Առավել ռիսկային հոգեմետ դեղերը և հակաբիոտիկ դեղերը դրվել են դեղատոմսերով վաճառքի մարտի 1-ից: Հաջորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա: Հոկտեմբերի 1-ից դեղերի ողջ ցանկի վրա կտարածվի այս պահանջը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսօրվա նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով փոխնախարարին, ասաց. «Պարոն Մարգարյան, խնդրում եմ ուշադիր լինեք: Տեղեկատվություն կա, որ արդեն դեղատոմսերը դեղատների առջև գրում, տալիս են և դրա համար լրացուցիչ վճար կա: Շատ ուշադիր եղեք, որպեսզի բուտաֆորիա չդառնա»:

Կառավարության ընդունած որոշմամբ, մասնավորապես, նախատեսվում է մասնակի կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր, hակամիկոբակտերիային դեղեր, hակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի:

Նախագծի նպատակն է դեղատոմսային դեղերի դուրս գրման և դեղատնից դրանց բաց թողնելու կարգի աստիճանական ներդրման արդյունքում ապահովել ավելի մեղմ անցում դեպի նոր կարգավորիչ դաշտ:

Ըստ հիմնավորման, որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում