Տնտեսություն

Աշոտ Մանուկյանն  ընդունել է իսպանական Cobra ընկերության ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

Աշոտ Մանուկյանն  ընդունել է իսպանական Cobra ընկերության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» (Cobra) ընկերության տարածաշրջանային տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը դրական է գնահատել իսպանական ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցության պատրաստակամությունն ու դրանց զարգացման հեռանկարները։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալեխանդրո Ռոդրիգոն Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը և խոսել զարգացման առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության ծրագրերը:

Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 300 մասնաճյուղեր ունեցող «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը գործունեություն է ծավալում նաև էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ մասնագիտացած է հիդրոկայանների, արևային կայանների, էլեկտրահաղորդման գծերի կառուցման գործում: Ալեխանդրո Ռոդրիգոն նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով:

Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել հիդրոկայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան ֆինանսավորման դեպքում, հայկական կողմը ևս կարող է մասնակիցներ ներգրավել նախագծում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում