Թուրքիան կոպտորեն խախտեց հայ համայնքի ներքին ինքնավարությունը՝ միջամտելով կրոնական գործերին. Ռուբեն Մելքոնյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան, կոպտորեն խախտելով հայ համայնքի ներքին ինքնավարությունը, միջամտեց կրոնական գործերին, և դա արեց բավական բացահայտ կերպով:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի որոշմանը, ըստ որի, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ այս գործընթացում մի շարք հարցականներ դեռ շարունակում են մնալ: Նախ՝ հայտնի չէ` Գարեգին Բեքչյանը հրաժարական տվե՞լ է, թե ոչ, գրավոր դիմում եղե՞լ է, թե ոչ: Բացի այդ՝ իրավական առումով հայտնի չէ՝ փոխանորդին ընտրո՞ւմ են, թե նշանակում:

«Չի էլ թաքցվում, որ թուրքական իշխանություններն ունեն կոնկրետ նախընտրելի թեկնածու, որն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է: Երկու կողմերն էլ հայտարարում են, որ մտերիմ են: Այստեղ չի քննարկվում` արդյոք հայ հավատացյալների, համայնքի կարծիքը որևէ նշանակություն ունի՞, թե ոչ: Հայ համայնքը ի վերջո ինչպիսի՞ դիրքորոշում ունի, դա անգամ որպես գործոն չի ներկայացվում: Կարևորվում է միայն թուրքական իշխանության դիրքորոշումը: Այս ամբողջ ընթացքում միշտ շեշտվում էր նահանգապետի, Ներքին գործերի նախարարի, Էրդողանի կարծիքը, բայց որևէ անգամ չէր շեշտվում Մայր Աթոռի դիրքորոշումը: Նույնիսկ արվում էին վիրավորական շեշտադրումներ, Գարեգին Բեքչյանին անվանում էին այսպես կոչված տեղապահ, մինչդեռ նրան Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է, շնորհավորել է»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը: Նա հռետորական հարց հնչեցրեց` դա, ի վերջո, Էրդողանի կամ Թուրքիայի՞ պատրիարքությունն է, թե՞ Հայ առաքելական եկեղեցու:

Թուրքագետը նկատեց, որ այս ամենի հետևանքով ամենամեծ հարվածը հասցվում է հայ համայնքին, հավատացյալներին, ովքեր ապրում են խորը հիասթափություն, հեռանում պատրիարքությունից: Սա լուրջ հարված է նաև հայկական ինքնությանը, քանի որ Հայոց պատրիարքությունն այն կարևոր առանցքն է, որի շուրջ համախմբվում է Թուրքիայի հայությունը: Նա նկատեց, որ ավելացել է Ստամբուլի հայ համայնքից արտագաղթած հայերի թիվը: Պատրիարքարանի շուրջ ձևավորված նոր զարգացումները, ըստ նրա, հանգեցնելու են նաև արտագաղթի ալիքի մեծացմանը:

«Շատերի մոտ հիասթափություն կա նաև հոգևորականներից, քանի որ այդ նույն հոգևորականները, որ ոգևորությամբ ընտրեցին Գարեգին Բեքչյանին, մի քանի օր առաջ պարտադրանքով ընտրեցին Աթեշյանին: Նա նկատեց, որ թուրքահայ համայնքն ընդհանրապես հայտնի է իր ոչ համարձակ պահվածքով, այդ մթնոլորտը ձևավորվել է դարերի ընթացքում: Իհարկե, այսօր կային այդ համարձակության սաղմերը, ինքնուրույնության փորձերը, սակայն միտումնավոր այնպիսի քաղաքականություն է տարվում, որ դրանք ոչնչացվեն:

Ապագայի կանխատեսումներ անելով՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ հայ համայնքի ակտիվ հատվածն անպայման շարունակելու է պայքարը, բայց անհամեմատ ավելի վատ մեկնարկային պայմաններում: Կարող են լինել նաև առանձին անհնազանդության, եկեղեցուց հեռացման դրսևորումներ: Նրա խոսքով՝ շատ է խոսվում այն մասին, որ սա Թուրքիան է, այստեղ պետք է զուսպ լինել:

«Իհարկե, սա, հատկապես թուրքագետների համար, շատ հասկանալի է, ընկալելի, որ ըմբոստությունը պետք է լինի չափի մեջ, բայց մենք ունենք նախադեպեր՝ նախորդ պատրիարքները գտել են մեխանիզմներ՝ ըմբռնելի սահմաններում հայտարարություններ ու քայլեր անելու: Մեր ժամանակներն ավելի շատ կարիք ունեն ըմբոստ, մի փոքր տարբերվող հոգևորականների, ինչպես օրինակ Ստամբուլի Հունաց պատրիարքն է, Հռոմի պապը»,- ասաց նա:

Այն հարցին, թե արդյո՞ք Մայր Աթոռը որևէ կերպ պիտի արձագանքի այս պարագայում, Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ իրավական, եկեղեցական օրենքների խախտումների այս թնջուկը պետք է հստակ գնահատականի արժանանա Էջմիածնի կողմից:

«Հերթապահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների ոճի տեքստերն այնքան էլ ճիշտ չեն լինի, զգուշավորության, հապաղելու պատճառով ունեցանք այն, ինչ ունեցանք: Կարծում եմ, որ Մայր Աթոռի հայտարարությունը կլինի սթափեցնող հանգամանք, որը մեծ ազդեցություն կունենա հետագա զարգացումների վրա: Ի վերջո, այդ հիասթափված հայերը, չունենալով առանցք, ի դեմ Պոլսահայոց պատրիարքության, ավելի ուշադիր լսելու են Մայր Աթոռից եկող ազդակները»,- ասաց նա:

Պոլսո Հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովը որոշում է կայացրել այն մասին, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ: Պատրիարքական ընտրության գործընթացի վերաբերյալ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից ստացված նամակից հետո Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրավերով փետրվարի 9-ին Աթեշյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ժողովական հայրերի հանդիպում: Հանդիպմանը որոշում է կայացվել այն մասին, որ պետք է ընդառաջել ՆԳՆ ուղարկած նամակին: Մասնավորապես, վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին, երբ Մեսրոպ պատրիարք Մութաֆյանը համարվել էր «պատրիարք ի հանգստյան»: Բացի այդ, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ որպես պատրիարքական փոխանորդ: Հանդիպմանը մասնակից ժողովական հայրերը շեշտել են, թե պատրիարքի ընտրությունը պետք է տեղի ունենա պատեհ ժամանակին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում