ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապահով Համացանցի միջազգային օրը՝ փետրվարի 6-ին, մեկնարկում է «Ապահով համացանց 2018» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով և արդյունավետ օգտագործման վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ընկերության PR և հաղորդակցության ծրագրերի բաժնից:
Ապահով համացանց ծրագրի առաքելությունն է՝ նպաստել համացանցի արդյունավետ և ապահով օգտագործմանը, ստեղծել կրթական բովանդակություն:
Ծրագրի այս տարվա կարգախոսն է՝ «Ստեղծիր, միացիր և եղիր պատասխանատու. ավելի լավ համացանցն սկսվում է քեզանից»:
Ծրագիրն իրականացնում են «ՍՏԵՄ կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունները Ucom և այլ ընկերությունների աջակցությամբ:
«Ucom-ը՝ որպես Հայաստանում ամենաարագ ինտերնետ կապն ապահովող ընկերություն այս տարի ևս շեշտում է համացանցը ինքնակրթության և ինքնազարգացման նպատակով օգտագործելու կարևորությունը։ Համացանցում սերտած դասերը կարող են լավ հիմք հանդիսանալ ապագայում խիստ անհրաժեշտ և լայն կիրառություն ունեցող նորարարական լուծումների ստեղծման համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Փետրվարի 6-ից` մարտի 10-ը Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցների սովորողների և քոլեջների ուսանողների մասնակցությամբ կանցկացվեն Ապահով համացանց թեմայով բաց դասեր, փետրվարի 6-ից` մայիսի 1-ը «Ապահով համացանց» թեմայով ծնողական ժողովներ, Երևանի և մարզային մոտ 100 դպրոցներ կներգրավվեն համաեվրոպական eSafety Label ծրագրի մեջ:
Ծրագրով նախատեսված երկու հանրապետական մրցույթները թույլ կտան ծնողների ու երեխաների շրջանում լայնորեն տարածել համացանցում ապահովության առանցքային դրույթները և յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն կընձեռեն ցուցադրելու թեմային առնչվող բոլոր կրթական նախաձեռնությունները:
Համացանցի ապահով և պատասխանատու օգտագործման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը կնպաստեն նաև սեմինարները, դպրոցահասակների, նրանց ծնողների և ուսուցիչների համար նախատեսված առաջադրանքները, տեսանյութերը, խաղերը, գրքերը, մեդիա իրադարձությունները և այլ գործնական քայլերը: «Ապահով համացանց» ծրագիրն այս տարի ավելի կընդլայնվի բնագիտա-մաթեմատիկական առարկաներ դասավանդող ուսուցիչների համար:
Ինչպես նշեց ՍՏԵՄ կենտրոնի տնօրեն Հայկազ Բաղյանը, շատ կարևոր է, որպեսզի երեխաները հնարավորինս վաղ տարիքից ձևավորեն ճիշտ համացանցային կարողություններ, օրինակ՝ գնահատեն անձնական բնույթի տեղեկությունները, սովորեն ինքնուրույն կիրառել անվտանգության և մասնավոր կյանքի գաղտնիության կարգավորումները իրենց նախընտրած խաղերի, հավելվածների կամ գործիքների վրա:
«Շատ երեխաներ համացանցն օգտագործում վեց տարեկանից: Տասներկու տարեկանից փոքր երեխաները հիմնականում քննադատական հմտություններ չունեն համացանցում նավարկելու, խաղալու և սովորելու համար, հետևաբար, մինչ այս տարիքը ծնողները պետք է մշտապես մասնակցեն նրանց համացանցային գործունեությանը: Իսկ ավելի բարձր տարիքում ցանկալի կլիներ նրանց ուղղորդել դեպի միջառարկայական խնդիրների լուծման և ստեղծագործական հմտությունների զարգացման համակարգչային ծրագրեր»:
«Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է սկսած 2004-ից յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ: