Հասարակական

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Շվեյցարիայից ժամանած հյուրերին ընդունեց ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, և պատմեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը: Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ցուցանմուշներին, պարոն Դոմինիկ դը Բյումանը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է, որ տպավորված է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելությունից, հպարտ է 2003թ. դեկտեմբերի 16-ի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի համար:

2003թ. դեկտեմբերի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում