Նունե Մամյան. Մեկ անգամ Հայաստանում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Հյուրանոցի համարից դուրս գալու ցանկություն չուներ: Բազմոցին պառկած մտածում էր, որ հաջորդ օրը կվերադառնա հայրենիք, սովորականի պես կանցնի աշխատանքի ու կսկսի մտածել այն մասին, թե որտեղ կանցկացնի իր հաջորդ արձակուրդը:

Առաջին անգամն էր Հայաստանում: Ամենաուժեղ տպավորությունը Մարեկի վրա թողել էր Արարատը: Ինչ-որ խորհրդավոր բան կար այդ հսկայի մեջ: Այս տասն օրվա ընթացքում չէր եղել մի առավոտ, որ Մարեկի օրն սկսվեր առանց Արարատի հետ զրույցի: Տրամադրությունն էլ կախված էր լինում Արարատի վրա բազմած ամպերից կամ նրա ճերմակ գագաթին առկայծող արևի շողերից:

Չէր կարողանում մտքերն ի մի բերել: Հասցրե՞ց տեսնել Հայաստանն այս մի քանի օրվա մեջ: Հասցրե՞ց ճանաչել այն ժողովրդին, որից մի մասնիկ էլ իր մեջ կար: Ապշելու ժողովուրդ են: Հյուրերի նկատմամբ ուշադիր, միշտ պատրաստ օգնելու: Մարեկի շուրթերի վրաժպիտ գծագրվեց: Նախորդ օրվա դեպքը հիշեց: Խանութում էին, ընկերների հետ որոշեցին հայկական գինի և կոնյակ ընտրել: Բնականաբար, խորհրդի կարիք ունեին: Հայաստանում ռուսերեն լեզվին լավ են տիրապետում: Որոշեցին խոսել ռուսերեն: Վաճառողուհուն ռուսերենով մի կերպ հասկացրեցին, թե ինչի կարիք ունեն: Խոսքի բռնվեցին, խանութի աշխատակիցները մեծ սիրով օգնեցին նրանց, հարցեր տվեցին, հետաքրքրվեցին՝ արդյոք Հայաստանը դուր եկե՞լ է, թե՞ ոչ…

Ամբողջ խոսակցության ընթացքում մի կին սևեռուն հայացքով հետևում էր նրանց: Մարեկը Հայաստանում գտնվելու դեռևս առաջին ժամերից նկատել էր, որ այստեղ բոլորը միմյանց ուշադիր զննում են: Երևի, դարեր ի վեր կոտորած ու ջարդ տեսնելն այս ազգի գենի մեջ խորացրել էր ինքնապաշտպանական բնազդը: Հյուրասեր ու սրտաբաց լինելով հանդերձ՝ հայերը նաև շատ զգուշավոր են: Այնպես որ, կնոջ հայացքն այնքան էլ չզարմացրեց Մարեկին:

Զարմանքը վրա հասավ հետո, երբ կինը մոտեցավ նրանց ու սկսեց խոսել: Օրեր շարունակ միայն հայերեն խոսք լսելուց հետո, երբ շուրջդ բոլորը խոսում են հայերեն, լեհերենն ուղղակի անսովոր հնչեց: Մի պահ երեքն էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունենում: Հետո սկսեցին զրուցել: Առաջին միտքն այն էր, որ կինը լեհուհի է, բայց պարզվեց, որ մաքուր հայուհի է: Պարզապես սիրում է այդ լեզուն ու սկսել է սովորել ինքն իր համար:

Հիմա Մարեկն իրեն մեղադրում էր, որ կնոջ հետ երկար չխոսեց: Ի՞նչը խանգարեց, ինքն էլ չէր հասկանում: Պարզապես ընկերն ավելի շատ էր շաղակրատում, ինքն էլ կողքից հետևում էր նրանց խոսակցությանը: Կարելի էր կնոջ հեռախոսահամարը վերցնել…

Սենյակի դուռը բացվեց: Ընկերներն էին: Վերջին օրը ցանկանում էին շրջել երեկոյան Երևանով, հայկական գարեջուր վայելել: Որոշեց միանալ նրանց:

Փողոցով քայլելիս մտովի այն կնոջ հետ էր: Գուցե մոտակայքում էր ապրում, հնարավոր է, որ այսօր էլ գար խանութ և…

Դե իհա՛րկե: Հենց իր առջև կանգնած էր նա՝ գեղեցիկ ժպիտը դեմքին: Կրկին սկսեցին խոսել, կարծես արդեն հին ծանոթներ լինեին: Մարեկը որոշեց՝ սա ճակատագիր է:

Հնարավորությունը չէր կարելի ձեռքից բաց թողնել: Անին մեծ սիրով Մարեկին ասաց, թե ինչպես կարող էր կապվել իր հետ:

Գարեջուրը կսպասի: Ժամանակ կորցնել չէր կարելի:

Խոսակցությունը կարճ էր, բայց Մարեկն արդեն երջանիկ էր: Պատմեց Անիին, որ ինքը հայկական արմատներ ունի, պապիկը զտարյուն հայ է եղել: Ճակատագրի բերումով բնակություն է հաստատել Լեհաստանում: Տարիների ընթացքում հայկական ազգանունը փոխվել է լեհականի: Ցավալի էր, բայց այս կարճ ժամանակահատվածում չէր հասցրել որևէ բան իմանալ իր նախնիների մասին: Օգնության կարիք ուներ: Իսկ մի՞թե հայն ընդունակ է մերժել որևէ մեկի խնդրանքը, այն էլ, երբ խոսքը վերաբերում էր հայրենակցին:

Թռիչքային բարձրությունից Արարատին վերջին անգամ նայելիս Մարեկը պլանավորում էր իր հաջորդ այցը Հայաստան: Արարատը ժպտում էր…

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալհղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

Հայերեն

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում