Մեկ անգամ Հայաստանում

Լիանա Եղիազարյան. Եկեղեցի, որ դիմացդ է, բայց չես տեսնում. «Վիմափորի» հրաշքը

5 րոպեի ընթերցում

Լիանա Եղիազարյան. Եկեղեցի, որ դիմացդ է, բայց չես տեսնում. «Վիմափորի» հրաշքը

ԵՐԵՎԱՆ,9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

Հյուրերս գերմանացի են: Նրանց համար Հայաստանն անծանոթ անուն չէ: Երկրում առաջին անգամ չեն, ու երբ խոստանում եմ ցույց տալ ապշեցնող մի վայր, ժպտում են ու վարժ արտաբերում՝ «Գառնի, Գեղա՞րդ»: Պարզ է՝ հայաստանյան տեսարժան վայրերով ու պատմամշակութային կոթողներով հասցրել են զարմանալ, ճանաչել:

Բայց իմ խոստացած տեղը, վստահ եմ, կհիացնի: «Եզակի ճարտարապետական կոթող»՝ արդեն Վայքում ներկայացնում է Հուշարձանների պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության պետի տեղակալ Համլետ Եղիազարյանը՝ ուղեկցելով Մարտիրոս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ հայտնի որպես «Վիմափոր»՝ 1286թ.: Եկեղեցի, որ դիմացդ է, բայց չես տեսնում: Սարի մեջ է, տեղը չիմանաս ու ցուցանակը չհուշի՝ կողքով կանցնես, չես տեսնի: Միայն մուտք գործելով ես հասկանում ու սարսռում: Անպատկերացնելի է:

«Ճարտարապետությամբ բացառիկ եկեղեցի է՝ կառուցված վերեւից. քանդելով իջել են, իսկ դուռը հետո է բացվել: Դրա համար է կոչվում ժայռափոր, վիմափոր:

Միայն գավիթն է առանձին քար, մնացածը մեկ ամբողջական ժայռաբեկորի մեջ է»,-մանրամասնում է Եղիազարյանը:

«Վիմափորը» ծառայել է որպես բերդ-ամրոց, թաքստարան: Եկեղեցու ներսից մինչեւ գետ կա մարդաբոյ բարձրությամբ ստորգետնյա ուղի: Մարդիկ, պատահել է, ամիսներով այստեղ պաշարված են մնացել ու հենց եկեղեցուց այդ ուղով գնացել, 700-800 մետրից՝ գետից ջուր են բերել: Ստորգետնյա ուղին հիմա փակ է, փլուզումներ են եղել, մի անգամ էլ գյուղի արկածախնդիր երիտասարդներն են դրանում արգելափակվել:

Վանքի մասին լեգենդներ կան. ներսում հավաքվող ջուրն անցկացնում է վախերը, բուժում:

«Ամռանն օրական տասնյակ զբոսաշրջիկ ենք ընդունել. նախկինում տեղը չգիտեին: Գալիս են, երբեմն դժվարանում բացատրել, քարտեզի վրա մատնանշում են, հասկանում ենք՝ «Վիմափորն» են ուզում: Աշխարհում չկա այդպիսին, նման է միայն Գեղարդը: Սա եկեղեցի չէ, այլ եկեղեցական համալիր՝ խցերով, խորանով: Մեծ, հիասքանչ, հոյակերտ»,-հյուրերին ներկայացնում է Եղիազարյանը:

Ժպիտները սառում են նոր Մարտիրոսից հին Մարտիրոս անբարեկարգ ճանապարհին: Իսկ երբ հին գյուղից էլ ենք դուրս գալիս ու դաշտերի, հանդակների միջով՝ լեռնոտ ճանապարհով ուղեւորվում եկեղեցի, բառերն էլ են կորչում: Փոխարենը չափազանց շատ պատմելու բան ունի մշակութագետ զրուցակիցս:

Կառույցը բնորոշվում է այնպիսի բառերով, որոնց համարժեքը գերմաներենով դժվարանում եմ գտնել. նախադասություններ են պետք: Հասնում ենք: Եկեղեցի են փնտրում: Չկա: Ցուցանակն է հուշում եկեղեցու ու մեր տեղը՝ Նազար լեռան ստորոտ:

Վիմափորը կառուցվել է Պռոշ Իշխանի կարգադրությամբ, որի մարմինը թաղված է այս եկեղեցու գավթում, գլուխն՝ այլ վայրում: Այս խոշոր ժայռափոր համալիրն իր ներքին հնչեղությամբ առաջինն է հայ եկեղեցաշինության մեջ իր կառուցողական բարձր արվեստով:

Ծովից մոտ 2030 մետրի վրա ենք: Վիմափորից ներքեւ ու վերեւ՝ ամեն սեզոնի յուրովի շլացուցիչ գեղեցիկ: Հյուրերս եվրոպական սիրալիրությամբ լսում են նաեւ Մարտիրոսի պատմությունը: 7 գաղթ է ունեցել: Միակ գյուղն է, որ ունի անձնագիր՝ մեծ հոյակերտ խաչքար՝ հին Մարտիրոսի կենտրոնում՝ 1283թ.:

Համառ, հումորով, խելացի, երբեմն՝ սուր, կռվարար. մարտիրոսցիներն են: «Մարտիրոսի, մարտիրոսցիների մասին լեգենդներ են պատմում: Ունեցել ենք աժդահա, հսկա մարդիկ»,-հպարտանում է Համլետ Եղիազարյանը:

Մենք Մարտիրոս ու Մարտիրոսից հյուսիս-արեւելք՝ լեռների սրտում ծվարած Վիմափոր այցելում ենք աշնանը: Գերմաքուր օդ, գերհզոր էներգետիկա, ոտքերիդ տակ՝ չպեղված հզոր դամբարանադաշտ:

Դարերը հավերժացրել են եկեղեցին, իսկ պահպանման ու ճանապարհի հարցերը թողել ներկա սերունդներին:

Ամեն օգոստոսի վերջին շաբաթը Վիմափորի օրն է: Գյուղի, ձորի ժողովուրդը հավաքվում է այստեղ դհոլ-զուռնայով, կերուխումով:

Զբոսաշրջիկ հյուրերս անդադար նկարում են՝ կարծես շտապելով չուշանալ: «Ինչպե՞ս բոլոր հայերը չէ, որ գիտեն սրա մասին»,-զարմանում են: Լուսանկարներով հետո պիտի փոխանցեն իրենց հիացմունքը բազմաթիվ մարդկանց, ովքեր, հաստատ, անպայման կհարցնեն՝ իսկ որտե՞ղ է Մարտիրոսը, ու ինչպե՞ս հասնել Վիմափոր:

Սույն պատմությունը հրապարակվել է «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակներում:

Մրցույթին կարող եք մասնակցել և Դուք, մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալհղումով:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի շրջանակում ներկայացված պատմություններում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Արմենպրես»-ի տեսակետներին:

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի արդյունքներն ամփոփվել են, հայտնի են հաղթողների անունները

Հասարակական

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի արդյունքներն ամփոփվել են, հայտնի են հաղթողների անունները

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 16-ին

Մեկ անգամ Հայաստանում

«Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 16-ին

Արաքսյա Միրզոյան. Մեկ անգամ Հայաստանում

Մեկ անգամ Հայաստանում

Արաքսյա Միրզոյան. Մեկ անգամ Հայաստանում

Մերի Զոհրաբյան. Մեկ անգամ Հայաստանում

Մեկ անգամ Հայաստանում

Մերի Զոհրաբյան. Մեկ անգամ Հայաստանում

Աննա Գևորգյան. Մեկ անգամ Հայաստանում

Մեկ անգամ Հայաստանում

Աննա Գևորգյան. Մեկ անգամ Հայաստանում

Անդրանիկ Մանուկյան. Մեկ անգամ Հայաստանում

Մեկ անգամ Հայաստանում

Անդրանիկ Մանուկյան. Մեկ անգամ Հայաստանում

Աննա Գալստյան. Մեկ անգամ Հայաստանում

Մեկ անգամ Հայաստանում

Աննա Գալստյան. Մեկ անգամ Հայաստանում

Մարինե Ամիրյան. Մեկ անգամ Հայաստանում

Մեկ անգամ Հայաստանում

Մարինե Ամիրյան. Մեկ անգամ Հայաստանում

Գայանե Պապիկյան. Մեկ անգամ Հայաստանում

Մեկ անգամ Հայաստանում

Գայանե Պապիկյան. Մեկ անգամ Հայաստանում

Աղվան Ասոյան. Հայաստանի ռետինե սապոգները

Մեկ անգամ Հայաստանում

Աղվան Ասոյան. Հայաստանի ռետինե սապոգները

 Մելանյա Վարդանյան. Մեկ անգամ Հայաստանում

Մեկ անգամ Հայաստանում

Մելանյա Վարդանյան. Մեկ անգամ Հայաստանում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում