Տնտեսություն

Նոր պայմանագիրը հայկական և եվրոպական ավիափոխադրողներին հնարավորություն կտա օգտվել երկկողմանի ավիաշուկաներից

2 րոպեի ընթերցում

Նոր պայմանագիրը հայկական և եվրոպական ավիափոխադրողներին հնարավորություն կտա օգտվել երկկողմանի ավիաշուկաներից

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկայում կստորագրվի Եվրոպական միասնական ավիացիոն գոտու մասին պայմանագիրը։ Այն հնարավորություն կտա հայկական և եվրոպական ավիափոխադրողներին օգտվել երկկողմանի ավիաշուկաներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Նա 2017 թվականի կարևոր ձեռքբերում է համարում նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը։

«Մայիս ամսին սկսեցինք պաշտոնական բանականությունների փուլը, իսկ նոյեմբերին նախաստորագրվեց այդ համաձայնագիրը, որն ազդարարեց բանականությունների ավարտի մասին։ Ներկայումս մենք սպասում ենք եվրոպական կողմի արձագանքին և առաջիկայում համաձայնագիրը կստորագրվի։ Համաձայնագիրը հայկական և եվրոպական ավիափոխադրողներին հնարավորություն է տալիս օգտվել երկկողմանի ավիաշուկաներից։ Սա ևս դրական կազդի ուղևորահոսքի աճի, տոմսերի գների, աշխարհագրության ավելացման և այլ բաղադրիչների վրա»,- նշեց Սերգեյ Ավետիսյանը։

Համաձայնագիրը հայկական ավիաընկերությունների համար ԵՄ ներքին շուկայից առանց սահմանափակումների օգտվելու հնարավորություն է ստեղծում, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար՝ հայկական շուկայից երրորդ պետություններ մեկնելու հնարավորություն: Համաձայնագրով Հայաստանում ներդրվելու են քաղավիացիայի ոլորտի բոլոր այն ստանդարտները և կարգավորումները, որոնք ԵՄ երկրներում արդեն գործում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում