Տնտեսություն

«Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վառնա և Քուվեյթ, կավելացնի Բեյրութի չվերթների քանակը

2 րոպեի ընթերցում

«Արմենիա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վառնա և Քուվեյթ, կավելացնի Բեյրութի չվերթների քանակը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերությունը հաջորդ տարի չարթերային թռիչքների շարքում կներառնի նաև Վառնա և Քուվեյթ ուղղությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը: «Չարթերային ուղևորափոխադրումների մեջ մենք ավելացնում ենք Վառնա ուղղությունը: Այս ամբողջ ընթացքում Հայաստանից Վառնա չվերթներ էր իրականացնում բուլղարական ավիաընկերությունը, մենք մրցակցության մեջ ենք մտնում նրանց հետ ու կարծում եմ լավ է լինելու: Մենք թռչելու ենք նաև Քուվեյթ, այնտեղից ևս ակնկալում ենք Հայաստան բերել զբոսաշրջիկների»,-ասաց նա: Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքով` Քուվեյթում ամռանը շատ շոգ է, Հայաստանում քուվեյթցիները կարող են ավելի լավ պայմաններում անցկացնել հանգիստը:

Բացի այդ` ավիաընկերությունը ծրագրում է ավելացնել կանոնավոր չվերթները դեպի Բեյրութ և Իսրայել: «Արմենիա»-ի տնօրենը նկատեց, որ ինչ իրենք սկսել են կատարել թռիչքներ դեպի Բեյրութ, նվազել են Հայաստանից այդ ուղղությամբ տոմսերի գները: «Տոմսերը էժանացել են 150 դոլարով, եթե նախկինում 500 դոլար էր, ներկայում 300-350»,-ասաց Ռոբերտ Հովհաննիսյանը:

Ներկայում ավիաընկերությունը իրականացնում է կանոնավոր չվերթներ Մինվոդի, Վորոնեժ, Թել-Ավիվ (շաբաթական երկու անգամ), Բեյրութ` ձմռանը մեկ անգամ, ամռանը մինչև երեք, Թեհրանը պատրաստվում են մարտից վերսկսել` շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Չարթերային թռիչքներից`Հռոմ, Բարսելոնա, Լառնակա, Կորֆու, Վենետիկ, Բաղդադ-Էրբիլ, Սալոնիկ, Հերակլիոն:

Ընկերության գլխավոր տնօրենը հույս հայտնեց, որ նոր ուղղությունների դեպքում կկարողանան ավելացնել ուղևորափոխադրումները: Այս տարի ընկերությունը կատարել է 480 թռիչք, 1660 ժամ օդում են եղել սպասարկող ինքնաթիռները:

Ընկերությունը ծրագրում է հաջորդ տարվա ապրիլից կատարել կանոնավոր չվերթներ դեպի Լիոն և Քյոլն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում