Արտակ Զաքարյանը հացադուլ սկսած ուսանողներին մեղադրում է շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնելու փորձի մեջ
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող և հացադուլը վերսկսած ուսանողներին մեղադրում է շանտաժի միջոցով ինչ-որ բանի հասնելու փորձի մեջ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ ուսանողների պահվածքը մի տեսակ քմահաճույքի է նմանվում: «Մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, այն կա և նույնիսկ ավելի ընդլայնվում է «Պատիվ ունեմ» ծրագրով: Անկախ նրանից` երիտասարդները դասադուլ են անում, թե բողոքում են, մենք ամեն ինչ անելու ենք, որ գիտության մեջ աչքի ընկած երիտասարդները ծառայեն՝ գիտությանը մոտ լինելով: Կներեք, բայց ստացվում է, որ գործ ունենք երիտասարդների խմբի հետ, որոնք շանտաժի միջոցով ուզում են ինչ-որ բանի հասնել. դա արդար չէ, ճիշտ չէ», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Զաքարյանը:
Փոխնախարարը նկատեց, որ ուսանողների հետ վերջին հանդիպումը պաշտպանության նախարարի մոտ է եղել, ու եղել է հստակ պայմանավորվածություն, որ վերջիններս ներկայացնեն առաջարկություններ՝ սահմանելու համար, թե ում վրա է անդրադառնալու տարկետման իրավունքը: «Ես ինքս մի քանի օր առաջ կապվել եմ երիտասարդներից մեկի հետ ու խնդրել եմ, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկներ, որոնց համաձայն՝ կառավարության որոշմամբ հնարավոր կլինի հստակ սահմանել գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումեր և ընդգծված կարողություններ ունեցած անձանց տարկետման կարողություններ տալը: Ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունը, որի համար ուսանողները պայքարում էին, չեն պատրաստվում օգտագործել», - նշեց նա:
Դիտարկմանը, թե կրթության որոշ ճյուղերի, ինչպես օրինակ գրականության կամ փիլիսոփայության համար բանակում չեն ստեղծվում համապատասխան պայմաններ, Արտակ Զաքարյանը հակադարձեց. «Ի՞նչ եք պատկերացնում՝ երկու տարի գնալ ծառայելով մուսան կորո՞ւմ է: Մեր հայտնիների մեծ մասը բանակում ծառայած կամ բանակի հետ առնչություն ունեցած մարդիկ են եղել, ի՞նչն է փոխվել, գրականագետ, դոկտոր-պրոֆեսոր չեն դարձե՞լ: Խոսքը 18 տարեկանում ծառայության մասին է: 18 տարեկանում մենք ականավոր փիլիսոփա կամ պատմաբան ունե՞նք, որոնց նշանակալի կարողությունները պետք է հաշվի առնենք»:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ուսանողները գոհ չեն կառավարության հետ քննարկումների արդյունքներից և կրկին հացադուլ են սկսում:
Ազգային ժողովում պատգամավորների, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և ուսանողների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկումից հետո քննարկումներ էին սկսվել կառավարության և ուսանողների միջև, որի շրջանակներում ուսանողները մի քանի անգամ հանդիպումներ էին ունեցել ՊՆ-ում ու ԿԳՆ-ում:
Հայաստանի խորհրդարանն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը: Նոյեմբերի 29-ին այն ստորագրել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: