Հասարակական

ԱՄԿ փորձագետների հետ քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները

2 րոպեի ընթերցում

ԱՄԿ փորձագետների հետ քննարկվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյակի և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի ներկայացուցիչները 2017 թվականի դեկտեմբերի 11-13-ը եռօրյա այցով Հայաստանում էին ՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԱՄԿ գրասենյակի առաջարկությունները քննարկելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի:

Այցելության շրջանակներում մասնագիտական քննարկումներ են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում: Այնուհետև կազմակերպվել է առավել լայն քննարկում, որին մասնակցել են ԱՄԿ փորձագետները, շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաև գործատուների և աշխատողների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Այցելության վերջին օրը կազմակերպվել է ամփոփիչ քննարկում, որին մասնակցել են Հանրապետական եռակողմ հանձնաժողովում պետական կողմը ներկայացնող մարմինների, ինչպես նաև Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ, պատգամավորներ:

Քննարկումների արդյունքում ԱՄԿ փորձագետների գրեթե բոլոր առաջարկություններն ընդունվել և իրացվել են նախագծում, բացառությամբ ԱՄԿ այն առաջարկության, որ անհրաժեշտ է վերացնել օրական 24, շաբաթական 48 ժամ աշխատաժամանակի ռեժիմը:

Ամփոփիչ քննարկման ընթացքում ԱՄԿ փորձագետները իրենց գոհունակությունն են հայտնել եռակողմ ձևաչափով կազմակերպված քննարկումների և ստացված արդյունքների վերաբերյալ: Միաժամանակ, ԱՄԿ փորձագետների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն նախագծի ընթացքի հետագա փուլերում անհրաժեշտ համագործակցության վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում