Հասարակական

Խոսրովի անտառում հրդեհից Կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն տուժել. Մասնագետները հուսով են, որ անտառն ինքնուրույն կվերականգնվի

2 րոպեի ընթերցում

Խոսրովի անտառում հրդեհից Կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն տուժել. Մասնագետները հուսով են, որ անտառն ինքնուրույն կվերականգնվի

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհից մեկ ամիս անց ամերիկացի մասնագետները ուսումնասիրություն են սկսել տարածքում` պարզելու անտառի վիճակը հրդեհից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհ հետեւանքով ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներ եւ բույսեր չեն տուժել: «Արգելոցի հրդեհից բուսական աշխարհից հիմնականում տուժել է գիհի ծառատեսակը, կենդանական աշխարհից խոշոր կաթնասունների շրջանում վնասներ չունենք: Հրդեհի հետեւանքով տուժել են հիմնականում սողուններն ու միջատները»,-ասաց նա:

Արմեն Վարդանյանի խոսքով` այրված տարածքներում չեն հայտնաբերվել նաեւ Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում գրանցված սեւ անգղի բնադրավայրեր: «Սեւ անգղը հիմնականում բնադրվում է գիհի ծառատեսակի վրա: Խոսրովի անտառում կոնկրետ գիտեն որ հատվածներում եւ որ ծառերի վրա է սեւ անգղի բնադրավայրերը: Անտառի վնասված հատվածում սեւ անգղի բույն չկա, արգելոցի չայրված հատվածներում էլ գիհին լիարժեք պահպանված է»,-ասաց նա:

Անտառի վերականգնման ժամկետների հետ կապված ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը բացառեց մարդու ցանկացած ներգործություն թեկուզ դրական իմաստով: «Անտառը պետք է իր բնական ընթացքով վերականգնվի: Վերականգնման ժամկետների եւ ծավալների մասին վերջնական գնահատական հնարավոր կլինի տալ մեկ տարի հետո` գարնանը: Ներկայում անտառում կան այրվածքներ ստացած ծառեր, որոնց կենսունակությունը հնարավոր կլինի պարզել միայն դրանք ծաղկելուց հետո»,-ասաց նա:

Խոսրովի արգելոցից հրդեհի հետեւանքով այլ վայրեր տեղափոխված կենդանիների հարցը եւս լուծված է: Նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով արգելոցի մերձակա բարձրադիր գոտիներում որսն արգելված է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում