Հասարակական

«Այնպես որ, քիչ ծխեք». Վարչապետն արձագանքեց ծխելու դեմ պայքարի ռազմավարության նպատակներին

2 րոպեի ընթերցում

«Այնպես որ, քիչ ծխեք». Վարչապետն արձագանքեց ծխելու դեմ պայքարի ռազմավարության նպատակներին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին, որի նպատակն է ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարեկան նվազեցնել 1,5-2 տոկոսով:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ ռազմավարությունը նախատեսում է իրականացնել ծրագրեր մի շարք ուղղություններով: «Դրանք միտված կլինեն ՀՀ-ում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության ապահովմանը, գործող օրենսդրական դաշտի վերանայմանն ու լրամշակմանը, առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, դեռահասների շրջանում ծխելու դեմ ուղղված միջոցառումների իրականացմանը և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նախագծում նշված է, որ ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներն իրականացվելու են մեկ փուլով` 2017-2020 թվականների ընթացքում ակնկալվող հետևյալ արդյունքներով՝ ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 տոկոսով) նվազեցում, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10 տոկոսով:

Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:

«Այնպես որ, քիչ ծխեք»,- առողջապահության նախարարի ներկայացրած ռազմավարությանն արձագանքեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում