ՀՀԿ-ի հաղթանակը սպասելի էր, բարեփոխումներն ու վարչապետի կերպարը փոխեցին մթնոլորտը. քաղաքագետ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում Հայաստանի տնտեսության, կառավարման տարբեր ոլորտներում իրականացրած բարեփոխումներն ու վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը նպաստեց ՀՀԿ-ի հաղթանակին: Վերլուծելով ընտրական գործընթացները «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետ Գարիկ Քեռյանը նշեց, որ ընդհանուր առմամբ նման արդյունքները սպասելի էին:

«Բոլոր վերլուծաբանները, հետազոտական կենտրոնները մեծամասամբ կանխատեսում էին նման արդյունքներ: Այն, որ իշխող Հանրապետականը հաղթեց, դրա մեջ տրամաբանություն կար: Վերջին շրջանում նոր վարչապետի նշանակումը, բարեփոխումները, հարկային բեռի թեթևացմամբ, նոր տնտեսավար մեթոդների, հարկային, մաքսային նոր քաղաքականության կիրառումը նպաստեց դրան: Մենք տեսանք, որ ոչ թե խոստումներ են, այլ ռեալ միջոցառումներ են իրականացվել: Այդ ամենը էականորեն բարձրացրեց կառավարող քաղաքական ուժի ռեյտինգը»,-ասաց Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետը կարևորեց վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը: Նրա կերպարն ու աշխատանքի մեջ նոր մոտեցումներն իրենց խոսաքն ասացին:

«Կես տարուց ավելի հասարակության հետ նրա շփումները ընտրողների շրջանում արմատավորեցին այն հավատը, որ կառավարող քաղաքական ուժը գնալու է արմատական բարեփոխումների սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու համար»,-ասաց նա:

Գարիկ Քեռյանի համար կանխատեսելի էր նաև «Ծառուկյան» դաշինքի երկրորդ տեղում հայտնվելը, որովհետև քաղաքական ուժի իմիջն ամբողջությամբ հենվում է Գագիկ Ծառուկյանի` որպես բարերարի, գործարարի խարիզմայի վրա:

«Նախորդ 10-15 տարիների ընթացքում կատարված բարեգործությունը շատ լուրջ քաղաքական կապիտալ էր կուտակել նրա համար: Բնականաբար, սպասումներն այս քաղաքական ուժից մեծ էին: Շատերը մտածեցին, որ Ծառուկյանը, լինելով խորհրդարանում, կկարողանա այս ոճով աշխատել: Այդ համոզմունքը շատերին տարավ ընտրատեղամաս և քվեարկեցին Ծառուկյան դաշինքի օգտին»,-ավելացրեց նա:

Անդրադառնալով «Ելք» դաշինքին` քաղաքագետը նշեց, որ այս ուժի ակտիվ քաղաքական, քարոզչական աշխատանքը վերջին ամիսներին շատ արդյունավետ էր: Առաջ քաշվող լոզունգները լսելի էին, հատկապես հակակոռուպցիոն աշխատանքների խորացման, որոշ բնագավառներում բարեփոխումների իրականացման համատեքստում:

«Բայց ավելի շատ ոչ թե «Ելք»-ի ծրագրային դրույթներին ժողովուրդը ձայն տվեց, այլ «Ելք»-ի անդամների անձնական խարիզմային: Տարիներ շարունակ լինելով քաղաքական դաշտում` Նիկոլ Փաշինյանը քաղաքական լուրջ իմիջ ունի, Էդմոն Մարուքյանը խորհրդարանում շատ սկզբունքային և արդյունավետ քաղաքական գործունեություն ծավալեց, հասարակության շրջանում մեծ աջակցություն գտավ, հատկապես դա երևաց Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Արամ Սարգսյանն էլ քաղաքական դաշտի հնաբնակներից է, քաղաքականության մեջ դեռ չվարկաբեկված անձնավորություն: Այս 3 լիդերների ներդաշնակ գործունեությունը, քաղաքական իմիջը, ապահովեց, որ ուժն անցնի 7 տոկոսի սահմանագիծը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, ապա քաղաքագետը նշեց, որ արդեն տարիներ շարունակ այս ուժը պտտվում է 5 տոկոսի շուրջը, այն ունի իր կայուն ընտրազանգվածը` կապված համազգային խնդիրների հետ: Քաղաքագետի համար փոքր-ինչ զարմանալի էր Կոնգրես-ՀԺԿ դաշինքի և «Հայկական վերածնունդ»-ի խորհրդարանում չհայտնվելը:

Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվեցին Ազգային ժողովի հերթական ընտրությունները: Մասնակցելու համար առաջադրվել էր 9 քաղաքական ուժ` Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները: Նախնական արդյունքները փաստում են, որ Ազգային ժողով մուտք գործելու անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել է չորս ուժ: Առաջատարը ՀՀԿ-ն է, հաջորդում են «Ծառուկյան», «Ելք» դաշինքները, ՀՅԴ-ն:

Հայերեն English Русский

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 04/06/26